«Ուժեղ Հայաստան». Առցանց ծառայությունների տաքսու վարորդները հաճախ են դժգոհում սակագների բարձրացումից
Առցանց ծառայությունների տաքսու վարորդները հաճախ են դժգոհում սակագների բարձրացումից։ Այս մասին հոկտեմբերի 30-ին Ազգային ժողովի նիստում, Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամի ընտրության հարցի քննարկման ժամանակ, հայտնել է ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը՝ դիմելով այդ պաշտոնում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության առաջադրած թեկնածու Շուշան Սարգսյանին։
Նրա խոսքով՝ շուկայում առկա է մենաշնորհային դիրք։
«Այս ոլորտում, փաստորեն, բացակայում են սակագների կարգավորման մեխանիզմները։ Ի՞նչ առաջարկներ եք մտադիր ներկայացնել Ազգային ժողովին՝ այս մարդկանց իրավունքների պաշտպանությունն ապահովելու համար», - հարցրել է Կարապետյանը։
Սարգսյանը պատասխանել է, որ անհրաժեշտ է համարում համապատասխան մեխանիզմների ներդրումը։ Նա նաև ենթադրել է, որ մոտ ապագայում այս ուղղությամբ համապատասխան աշխատանք կտարվի։
Կարապետյանն իր հերթին ընդգծել է, որ սա առաջնահերթ խնդիրներից մեկն է։ Նրա խոսքով՝ պատգամավորները կարող են հանդես գալ օրենսդրական նախաձեռնությամբ՝ առցանց ծառայությունների տաքսու վարորդներին արժանապատիվ եկամուտով ապահովելու հարցը լուծելու նպատակով։



