Հեղուկ գազի ոլորտում շուկայական իշխանության և գերիշխող դիրքի հատկանիշների մասին վկայող իրավիճակ չունենք. Շուշան Սարգսյան
Բենզինի շուկայում այս պահին իրականացվում է ոլորտի ամբողջական ուսումնասիրություն։ Այդ մասին Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամի ընտրության հարցի շրջանակում ասաց թեկնածու Շուշան Սարգսյանը՝ արձագանքելով «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանի դիտարկմանը, թե վերջին մի քանի ամիսների ընթացքում բենզինի շուկայում հայտնվել է ադրբեջանական SOCAR նավթագազային ընկերությունը, որը, ըստ ընդդիմադիր պատգամավորի, միջնորդ կազմակերպությունների միջոցով ՀՀ-ում դարձել է բենզինի և դիզվառելիքի մատակարար։
Պատգամավորը հետաքրքրվել էր՝ ընկերությունն այս պահին ի՞նչ դիրք ունի Հայաստանի նավթամթերքի շուկայում։ Շուշան Սարգսյանը պատասխանեց՝ իրեն հայտնի չէ ՀՀ շուկա ադրբեջանական SOCAR ապրանքանիշի բենզինի ներմուծման դեպք։
«Իմ ունեցած տեղեկությունների համաձայն՝ այս պահին մի քանի ամսվա դրությամբ այդ երկրից ներմուծումներ չունենք։ Մենք բենզին ներմուծում ենք մի շարք երկրներից, այդ թվում՝ եվրոպական երկրներից, և ներմուծման աղբյուրների ու մեկնման երկրների դիվերսիֆիկացման արդյունքում է, որ ՀՀ-ում միջազգային շուկայական գների համեմատությամբ այս ոլորտում ավելի ցածր գնային բարձրացում է տեղի ունեցել»,– ասաց նա։
Թեկնածուն նաև տեղեկացրեց, որ բենզինի ներմուծում ՀՀ իրականացվում է Ռումինիայից, Բուլղարիայից, Նիդերլանդներից, Վրաստանից, և որ այս երկրները մեկնման երկրներ են, իսկ թե որ երկրից ինչ բենզին է գալիս, հնարավոր չէ ասել։
ԱԺ փոխնախագահ Վահագն Ալեքսանյանն արձագանքեց՝ իրեն չի գոհացնում թեկնածուի պատասխանը, և հորդորեց եզրափակիչ ելույթի ժամանակ ներկայացնել թվեր, թե, օրինակ, 2018 թվականի դրությամբ ինչպիսին է եղել ՀՀ բենզինի շուկայի վիճակը, քանի տոկոսը որ երկրից է ներկրվել, ու հիմա քանի տոկոսը որ երկրից է ներկրվում, ընկերություններն ինչ մասնաբաժիններ են ունեցել, ինչ մասնաբաժիններ ունեն այսօր։ Խոսքը վերաբերում է նաև հեղուկ գազի ոլորտին։
«Դրա հիման վրա կարելի է ասել՝ եթե շուկան մնար 2018 թվականի վիճակում, երբ բենզինի 90 և ավելի տոկոսը ՌԴ-ից էր գալիս, նույնիսկ 98 տոկոսը կասեի, օրինակ, եթե 2026 թվականին նույն վիճակը լիներ, բենզին կլինե՞ր ՀՀ-ում, որ մի հատ էլ ասեին՝ գինը 100 դրամով թանկացել է։ Սրանք կարևոր տվյալներ են»,– ասաց Ալեքսանյանը։
Թեկնածուն խոստացավ թվեր ներկայացնել, ապա, անդրադառնալով հեղուկ գազի ոլորտին, նշեց, որ այն այս պահին մրցակցային է։
«Այստեղ 100-ից ավելի տնտեսվարող սուբյեկտներ են գործում, որոնք իրականացնում են ներմուծումներ ավտոտրանսպորտային ճանապարհով։ Ամենախոշոր տնտեսվարող սուբյեկտի մասնաբաժինը չի գերազանցում 10 տոկոսը։ Շուկայական իշխանության և գերիշխող դիրքի հատկանիշների մասին վկայող իրավիճակ չունենք, չի էլ եղել»,– ասաց նա։
Ինչ վերաբերում է բենզինի ոլորտին, ապա, ըստ Շուշան Սարգսյանի, այս տարիներին նոր տնտեսվարող սուբյեկտ է ոլորտ մուտք գործել, ինչի արդյունքում ոլորտում տեղի է ունեցել մրցակցության փոփոխություն. նախկինում 3 հիմնական սուբյեկտ է եղել, այս պահին՝ 4։



