ուրբաթ, հոկտեմբեր 30
30 / 10 / 2026
ԱԺ-ում պատգամավորները բարձրացրել են առցանց տաքսիների գների և միջնորդավճարների հիմնավորվածության հարցը

ԱԺ-ում պատգամավորները բարձրացրել են առցանց տաքսիների գների և միջնորդավճարների հիմնավորվածության հարցը

Ազգային ժողովում բարձրացվել են առցանց տաքսի ծառայությունների միջնորդավճարների, վարորդների եկամուտների պաշտպանության և գների ձևավորման թափանցիկության հարցերը։

Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամի պաշտոնում առաջադրված Շուշան Սարգսյանին, որը 2018 թվականից զբաղեցնում է նույն հանձնաժողովի իրավաբանական վարչության պետի պաշտոնը, այս հարցերով դիմել են «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը, խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանը։ 

Տիգրան Աբրահամյանը նշել է, որ վարորդներից դժգոհություններ են ստանում միջնորդավճարների աճի և դրանց առանձին բաղադրիչների վերաբերյալ։ Նա առանձնացրել է նաև տաքսոպարկերին կատարվող վճարները՝ հետաքրքրվելով դրանց դիմաց մատուցվող ծառայություններով։

«Ի՞նչ աշխատանքներ եք ձեռնարկել այդ ուղղությամբ, արդյոք հարցը գտնվում է ձեր տիրույթում և, ընդհանրապես, ի՞նչ ուսումնասիրություններ է կատարել հանձնաժողովը այս ոլորտը կարգավորելու և միջնորդավճարի աճը զսպելու և նույնիսկ իջեցնելու ուղղությամբ»,- հարցրել է Աբրահամյանը։

Շուշան Սարգսյանը հայտնել է, որ հանձնաժողովը դեռևս 2024 թվականին ուսումնասիրել է թվային հարթակներով տաքսի ծառայությունների մատուցման ոլորտը՝ գնահատելով մրցակցային իրավիճակը և տնտեսավարողների վարքագիծը։ Նրա խոսքով՝ ուսումնասիրվել են նաև գնագոյացման մեխանիզմն ու միջնորդավճարների հիմնավորվածությունը, և ուսումնասիրված տվյալների հիման վրա մրցակցային խնդիրներ չեն հայտնաբերվել։

Թեկնածուն ընդգծել է, որ անհրաժեշտ է տարբերակել հարթակի և տաքսոպարկերի գանձած միջնորդավճարները։ Նա նաև նշել է, որ վարորդների հետ քննարկումները շարունակվում են, իսկ բարձրացված հարցերը գտնվում են հանձնաժողովի ուշադրության կենտրոնում։

Աբրահամյանն արձագանքել է, որ ոլորտը բազմաթիվ քաղաքացիների համար եկամտի հիմնական աղբյուրն է, և խնդրել է առավել մեծ ուշադրություն դարձնել նրանց բարձրացրած խնդիրներին։

Նարեկ Կարապետյանն իր հերթին հարցրել է, թե ի՞նչ մեխանիզմներով կարելի է պաշտպանել վարորդների շահերը՝ շուկայում առանձին հարթակների ազդեցության պայմաններում։ Նա տաքսիների ոլորտը համեմատել է սակագնային կարգավորում ունեցող ծառայությունների հետ։

«Մյուս ոլորտները՝ ջուրը, գազը, էլեկտրականությունը, ունեն իրենց զսպման մեխանիզմը՝ սակագնային մեխանիզմը։ Այս ոլորտը չունի զսպման սակագնային մեխանիզմ։ Դուք պետք է մեզ պատմեք՝ ի՞նչ եք առաջարկում անել Ազգային ժողովին, ինչպե՞ս մենք պաշտպանենք այս մարդկանց իրավունքը»,- ասել է Կարապետյանը։

Սարգսյանը պատասխանել է, որ չի կիսում տաքսի ծառայությունները հանրային ծառայությունների մյուս ոլորտների նման կարգավորելու մոտեցումը։ Նրա խոսքով՝ բնական մենաշնորհի կարգավիճակ տալու և խիստ կարգավորման ենթարկելու համար անհրաժեշտ են օրենսդրական հիմք և իրավաչափ նպատակ։

Միաժամանակ նա անհրաժեշտ է համարել թվային հարթակների առանձնահատկությունները հաշվի առնող մեխանիզմներ, որոնք թույլ կտան հնարավոր խնդիրները կանխել մինչև դրանց առաջացումը։ Սարգսյանի խոսքով՝ թվային հարթակներին վերաբերող հետագա փոփոխությունների առաջարկները քննարկման փուլում են։

Ծովինար Վարդանյանը հարցեր է բարձրացրել միջնորդավճարների փոփոխությունների հիմնավորվածության և գնահատականների համակարգի վերաբերյալ։ Նա, մասնավորապես, ներկայացրել է վարորդներից լսած մտահոգությունը, թե ուղևորի ցածր վարկանիշը կարող է ազդել նրա հաջորդ ուղևորության գնի վրա՝ հետաքրքրվելով՝ ուսումնասիրվե՞լ է այդ մեխանիզմը։

Սարգսյանը նախ անդրադարձել է վարորդների գնահատականներին՝ նշելով, որ դրանք միշտ չէ, որ օբյեկտիվ են լինում։ Նրա խոսքով՝ առաջարկվել է վարորդների վարկանիշի հաշվարկում չներառել այն ուղևորների գնահատականները, որոնք մշտապես ցածր են գնահատում վարորդներին։

Վարդանյանը հստակեցրել է, որ իր հարցը վերաբերում էր ուղևորների վարկանիշին և դրա հնարավոր ազդեցությանը գնագոյացման վրա։ Ի պատասխան՝ Սարգսյանը հայտնել է, որ այդ մասով տվյալ պահին տեղեկություն չունի։

«Հաճախորդների ռեյտինգավորման հետ կապված՝ այս պահին ես տեղեկատվություն չունեմ, որովհետև ինքս այդ աշխատանքային խմբի մասնակից չեմ եղել։ Հնարավոր է՝ այստեղ ևս իրականացվել են միջոցառումներ, բայց հենց այդ կտորի վերաբերյալ չեմ կարող տեղեկատվություն հայտնել»,- ասել է նա։

Վարդանյանն առաջարկել է պատգամավորների բարձրացրած հարցերը հստակ ձևակերպել և հանձնաժողովի մասնագիտական կարողությունների միջոցով ուսումնասիրել լուծումների հնարավորությունները։ Սարգսյանը հայտնել է քննարկումներին մասնակցելու և խնդիրները համատեղ ուսումնասիրելու պատրաստակամության մասին։

Շուշան Սարգսյանի թեկնածությունը հանձնաժողովի անդամի պաշտոնում առաջադրել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը։ 

 

  • Կիսվել: