ուրբաթ, հոկտեմբեր 30
30 / 10 / 2026
Շաքարի շուկայում ներմուծողների թիվն ավելացել է. Շուշան Սարգսյան

Շաքարի շուկայում ներմուծողների թիվն ավելացել է. Շուշան Սարգսյան

Շաքարի շուկայում ներմուծողների թիվն ավելացել է, սակայն մրցակցային իրավիճակի էական բարելավման մասին վերջնական գնահատական տալու համար անհրաժեշտ է ավարտել ընթացիկ ուսումնասիրությունը։Ազգային ժողովում այս մասին հայտնել է Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամի թեկնածու Շուշան Սարգսյանը՝ պատասխանելով «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանի հարցերին։

Ղազարյանն, անդրադառնալով շաքարի մենաշնորհը վերացնելու վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախկին հայտարարություններին, հետաքրքրվել է՝ ինչպես է փոխվել այդ շուկայի կառուցվածքը։ Նա նաև խնդրել է ներկայացնել ապրանքային շուկայի օրինակ, որտեղ 2018 թվականից հետո վերացել է գերիշխող դիրքը կամ նվազել է կենտրոնացվածության բարձր աստիճանը։

Սարգսյանը հայտնել է, որ հանձնաժողովը ներկայում ուսումնասիրում է շաքարի, ձեթի, կարագի, բրնձի, հնդկաձավարի և մի շարք այլ ապրանքների շուկաները՝ գնահատելով դրանց կառուցվածքի ու մրցակցային իրավիճակի փոփոխությունները։

«Տնտեսվարող սուբյեկտների թվաքանակը մեծացել է այս շուկայում, սակայն դեռևս չեմ կարող փաստել, որ մրցակցային իրավիճակն էապես բարելավվել է։ Թվաքանակի առումով կարող եմ նշել՝ ներմուծողների թիվն ավելացել է»,- ասել է նա՝ անդրադառնալով շաքարի շուկային։

Որպես մրցակցային փոփոխության օրինակ՝ Սարգսյանը ներկայացրել է կարագի ներմուծման և իրացման ոլորտը։ Նրա խոսքով՝ նախնական ուսումնասիրությունները ցույց են տալիս կենտրոնացվածության աստիճանի նվազում, սակայն թվային տվյալներ դեռ չի հրապարակում, քանի որ աշխատանքն ընթացքի մեջ է։

 

  • Կիսվել: