երկուշաբթի, օգոստոս 3
3 / 8 / 2026
Սահմանազատման հանձնաժողովի նիստերը կարող են անցկացվել և՛ Հայաստանում, և՛ Ադրբեջանում, և՛ սահմանին․ որոշումն ընդունվեց

Սահմանազատման հանձնաժողովի նիստերը կարող են անցկացվել և՛ Հայաստանում, և՛ Ադրբեջանում, և՛ սահմանին․ որոշումն ընդունվեց

Կառավարությունը դեկտեմբերի 14-ի նիստին հաստատեց Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի միջև նիստերի և համատեղ աշխատանքային հանդիպումների կազմակերպման և անցկացման աշխատակարգը: Այդ մասին նախագիծը ներկայացրեց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը:

Ըստ նախարարի տեղակալի՝ նախագծի ընդունման հիմքում ընկած է հանձնաժողովների միջև սույն թվականի նոյեմբերի 30-ին ձեռք բերված և համաձայնեցված աշխատակարգի տեքստը, որի համաձայն՝ աշխատակարգը պետք է հաստատվի երկու երկրների Կառավարությունների կողմից:

«Աշխատակարգով սահմանվում են երկու պետությունների ստեղծած սահմանազատման հանձնաժողովների հարաբերություններն ու նիստերի անցկացման և համատեղ աշխատանքների հանդիպումների կազմակերպման ընթացակարգերը»,- ասաց նա և մասնավորեցրեց, որ, օրինակ, սահմանվում է, որ նիստերի անցկացման ամսաթիվը, ժամ, վայրը, և որ նման որոշումներ կայացվում են հանձնաժողովների նախագահների միջև համաձայնությամբ:

Նիստերը անցկացվում են հաջորդաբար կա՛մ Հայաստանի Հանրապետության, կա՛մ Ադրբեջանի Հանրապետության տարածքում, կա՛մ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին, կա՛մ երրորդ երկրների տարածքում, ինչպես նաև տեսակոնֆերանսի ձևաչափով:

«Այն դեպքում, երբ նիստերն անցկացում են հանձնաժողովներով ներկայացված պետություններից մեկի տարածքում, ընդունող կողմը ստեղծում է դրանց անցկացման համար բոլոր անհրաժեշտ պայմանները, այդ թվում՝ ապահովում և երաշխավորում է բոլոր մասնակիցների անվտանգությունը»,- ասաց նա և հավելեց, որ նախագծի ընդունումը կարևոր քայլ կլինի հանձնաժողովների աշխատանքի կազմակերպման իրավական հիմքերի կազմակերպման գործում, որի վրա հիմնվելով՝ հանձնաժողովները կկազմակերպեն իրենց հետագա գործունեությունը:

«Աշխատակարգի ընդունման արդյունքում Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության հանձնաժողովների անդամներին հնարավորություն է ընձեռվում նիստերի անցկացման և աշխատանքների իրականացման միջոցով ստեղծել հիմքեր սահմանազատման և սահմանագծման գործընթացների, դրանց իրավական և տեխնիկական ասպեկտների մշակման համար, հետագայում երկու պետությունների միջև պետական սահմանի վերաբերյալ համապատասխան փաստաթուղթ մշակելու և ստորագրելու նպատակով»,- ասաց նա:

Վարչապետ Փաշինյանը հետաքրքրվեց՝ փաստաթուղթը միայն տեխնիկական բնո՞ւյթ է կրում: ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը պատասխանեց, որ այս պահին կազմակերպչական է, իսկ հաջորդ փուլում բովանդակային որոշ հարցերի իրավական ակտի տեսք կտրվի:

«Այս որոշումով ենթադրվում է, որ ադրբեջանական կողմն էլ պիտի հաստատի (աշխատակարգային նման փաստաթուղթ - խմբ.), և, ըստ էության, սահմանազատման գործընթացն առաջին անգամ դրվում է ինստիտուցիոնալ հենքի վրա, որը, կարծում եմ, շատ կարևոր է»,- ասաց վարչապետը:

Մհեր Գրիգորյանը հավելեց, որ փաստաթուղթը հրապարակային է լինելու, և նիստից հետո նախատեսվում է հրապարակել:

  • Կիսվել: