Այսօր մենք ավելի պետություն ենք, քան երբևէ, ավելի ինքնաիշխան ենք, քան երբևէ, ավելի անկախ ենք, քան երբևէ․ Փաշինյան
Հայ ժողովուրդը հայրենիք փնտրելու կարիք չունի այլևս, հայրենիքի մասին երազելու անհրաժեշտությունը չկա, որովհետև երազանքներն իրագործված են, հայրենիքը՝ գտնված՝ ի դեմս Հայաստանի Հանրապետության, ի դեմս պետության:
Այս մասին շեշտեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սարդարապատի հուշահամալիրում Հանրապետության օրվա առիթով հղած իր ուղերձում:
Նա նկատեց՝ Առաջին Հանրապետությունը թարմացրեց, բայց չամրապնդեց պետականության ընկալումը, սերմանեց, բայց չարմատավորեց ժողովրդապետությունն ու ազատությունը, որովհետև դրա ժամանակը չունեցավ: Վարչապետը հավելեց՝ իսկ Խորհրդային Միության գոյության գրեթե ողջ ընթացքում Առաջին Հանրապետությունը թիրախավորվեց որպես չարիք, ծաղրի ու արհամարհանքի առարկա դարձավ:
«Կայսրությունը դրանով նպատակ էր հետպանդում ոչնչացնել անկախ պետության այն ծիլերը, որ մեր գիտակցության մեջ կարող էր վերընձյուղած լինել Առաջին Հանրապետությունը: 1991 թվականին, երբ Հայաստանը կրկին անկախացավ, թվում էր, որ 70–ամյա պրոպագանդան խորը հետք չի թողել մեզանում, անկախ և ինքնուրույն լինելու մեր վախերը հաղթահարված են: Բայց հիմա արդեն Երրորդ Հանրապետության պատմության հետահայաց վերլուծությունն ակնհայտ է դարձնում, որ պետականության նկատմամբ քամահրանքը, ինքնիշխանությունից և ինքնուրույնությունից մեր վախերը լիարժեք հաղթահարված չեն: Պատմությունն ու աշխարհը մենք շարունակում ենք հաճախ ընկալել այն բանաձևերով, որ ԽՍՀՄ կայսերական քարոզչությունը հետևողականորեն սերմանել է մեզնում: Այս է պատճառը, ու համոզված եմ, մեր պետության և մեր ինքնության հարատևությունն ապահովելու համար առաջին հերթին հենց սա պետք է հաղթահարենք: Ինչի արդյունքում կկարողանանք արձանագրել ու մարսել մի քանի առանցքային իրողություն»,–ասաց վարչապետը:
Փաշինյանը թվարկեց այդ իրողությունները. իրողություն թիվ մեկ՝ մեր ինքնությունը մեր պետությունն է:
«Մեր պետությունն է մեր ինքնությունը, որովհետև բոլոր այն հատկանիշները, որ պայմանավորում են մեր ինքնությունը, ձեռք են բերվել, ձևավորվել ու հաստատվել են պետականության շնորհիվ, այսինքն՝ պետականության գոյության պայմաններում»,–նշեց նա:
Իրողություն թիվ երկու՝ 29 հազար 743 քառ. կմ միջազգայնորեն ճանաչված տարածքով Հայաստանի Հանրապետությունը հայ ժողովրդի ոչ թե կորուստների, այլ ձեռքբերումների արտահայտությունն է:
«Մեր ժողովուրդը հայրենիք փնտրելու կարիք չունի այլևս, հայրենիքի մասին երազելու անհրաժեշտությունը չկա, որովհետև մեր երազանքներն իրագործված են, հայրենիքը՝ գտնված՝ ի դեմս Հայաստանի Հանրապետության, ի դեմս պետության: 2020 թվականից ի վեր անցնելով դաժան փորձությունների միջով, մեր նահատակների կյանքի գնով՝ մենք մեր ինքնիշխանությունը զարգացնելու, պետականությունը գիտակցելու ու հարատև դարձնելու պատմական հնարավորություն ենք ստացել: Այսօր մենք ավելի պետություն ենք, քան երբևէ, ավելի ինքնիշխան ենք, քան երբևէ, ավելի անկախ ենք, քան երբևէ»,–շեշտեց Փաշինյանը:
Ըստ վարչապետի՝ երրորդ իրողությունը հետևայլն է. վերջին 4.5 դարերի պատմությունը, պատմական Հայաստանը հիմնական ուղերձ են հղում՝ «մի կրկնեք այդ պատմությունը, մի գնացեք իմ ճանապարհով, մի կրկնեք ինձ»:
Վարչապետը վստահեցրեց, որ ՀՀ ժողովրդի ընտրությամբ ձևավորված կառավարությունն ըմբռնել ու իրագործում է պատմական այս ուղերձը:
Ըստ նրա՝ չորրորդ իրողությունը հետևյալն է՝ արտաքին ուժերի կողմից երաշխավորված անվտանգությունը խաբուսիկ է:
«Մենք ինքներս ենք մեր անվտանգության երաշխավորը: Եվ այդ անվտանգության երաշխավորման գործուն միջոցներն են առաջին հերթին քաղաքական, դիվանագիտական գործիքները, անմիջական հարևանների հետ հարաբերությունների կարգավորումը, հարևանների և ոչ թե հեռավորների հետ խաղաղություն հաստատելը և այս հենքի վրա բալանասավորված և բալանասավորման արտաքին քաղաքականություն վարելն ու նրա ստեղծած հնարավորությունները»,–նշեց Փաշինյանը: