Մի դեպք կհիշե՞ք, որ ընդդիմադիրի նկատմամբ դատախազությունը միջնորդել է վերացնել խափանման միջոցը. Մինասյանը՝ Վարդապետյանին
Կարո՞ղ եք նշել դատարանի արդարացման գեթ մեկ դեպք, որը դատախազությունը չի բողոքարկել: Այս մասին, այսօր ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում դիմելով գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին, հարցրեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը և հետաքրքրվեց, թե ինչ շարժառիթ կա, որ դատախազությունն անպայման բողոքարկում է՝ ակնարկելով ընդդիմադիր հայացքներ ունեցող քաղաքացիների դեմ հարուցված գործերը։
Ի պատասխան Վարդապետյանն ասաց, որ կարող է հիշատակել մի քանի դեպքեր և բերեց վարորդական իրավուքների ժամկետների լրացման վերաբերյալ ծանուցումների բացակայության հիմքով դատարանների որոշումները։
Մինասյանը նաև նշեց, որ ծանր հանցագործությունների, թրաֆիքինգի գծով մտահոգիչ աճ կա, 422-ով աճել են առանձնապես ծանր հանցագործությունների դեպքերը, իսկ թմրամիջոցների մաքսանենգության դեպքերը կրկնակի ավելելացել է։
«431 քրեական վարույթ՝ 30 % դատախազության կողմից վերադարձվել է լրացուցիչ քննության, ինչը կարող է լինել հանրային միջոցների անհարկի վատնում»,-ասաց Արծվիկ Մինասյանը։
Ընդդիմադիր պատգամավորը, արձանագրելով, որ 2024 թվականին կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու դատախազության միջնորդությունների քանակը 2023-ի նկատմամբ աճելէ 242-ով, հարցրեց, թե գլխավոր դատախազը հիշում է մի քանի դեպք, երբ կալանավորված հակաիշխանական հայացքներով մարդկանց նկատմամբ դատախազությունը կիրառել է իր լիազորությունը և միջնորդել վերացնել կալանավորումը՝ որպես խափանման միջոց։
Գլխավոր դատախազը նշեց, թե մոտ 400 դեպք կա, որոնք եղել են գրավի և երաշխավոևագրերի հիման վրա։
Արծվիկ Մինասյանը նաև հետաքրքրվեց, թե ինչ վիճակագրություն կա արցախցիների դեմ ատելության խոսքի և Ցեղասպանությունը ժխտելու դեպքերի մասով հարուցված վարույթների մասով։
Աննա Վարդապետյանը ասաց, թե առանձին վիճակագրություն չեն վարում. «Չեմ հիշում, անգիր չեմ կարող ասել»,- հայտարարեց նա։
Մինասյանն էլ արձագանքեց, որ 136-րդ հոդվածը չափազանց կարևոր է, որովհետև իրենք շրջանառության մեջ են դրել Հայոց ցեղասպանության ուրացման դեմ քրեական պատասխանատվությունը խստացնելու առաջարկը։ «Կխնդրեմ, որ մինչև լիագումար նիստը տեղեկատվություն տաք՝ կա՞ն հարուցված վարույթներ, թե՞ ոչ»,- ասաց պատգամավորը։