Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահը պարգևատրել է Եվրոպայի առաջնության չեմպիոններին, մեդալակիրներին, մարզչական շտաբին ու բուժանձնակազմին
Ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Արայիկ Հարությունյանն ազգային թիմերի հետ հանդիպման ընթացքում շնորհավորեց թե կանանց և թե տղամարդկանց ընտրանիներին` Եվրոպայի առաջնություններում թիմային հաշվարկում հաղթանակների կապակցությամբ և շնորհակալություն հայտնեց կատարած մեծ աշխատանքի համար: Այս մասի տեղեկացնում է Ծանրամարտի ֆեդերացիան:
«Մենք բազմաթիվ անելիքներ ունենք հատկապես 2027 թվականի` Երևանում կայանալիք աշխարհի առաջնությունից ու 2028 թվականի օլիմպիական խաղերից առաջ: Մոլդովայի առաջնությունը ցույց տվեց, որ աշխատելու ու աճելու տեղ ունենք: Ուզում եմ շնորհակալություն հայտնել հատկապես գլխավոր ու անձնական մարզիչներին, բժիշկներին ու Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղարին»,- ասաց ֆեդերացիայի նախագահը:
Արայիկ Հարությությանն առանձնացրեց, որ ֆեդերացիան նպատակ ունի առանձնակի ուշադրություն դարձնել միջազգային կարգի մրցավարներ ունենալու հանգամանքին և այդ ուղղությամբ արդեն իսկ սկսել է աշխատանքներ տանել:
Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Արայիկ Հարությունյանը մարզիկներին` Եվրոպայի առաջնության մեդալակիրներին, խրախուսական պարգևներ հանձնեց: Դրամական պարգևների արժանացան` Եվրոպայի չեմպիոններ Վարազդատ Լալայանը, Գարիկ Կարապետյանը, մեդալակիրներ` Գոռ Սահակյանը, Ռաֆիկ Հարությունյանը, Աննա Ամրոյանը, Լիանա Գյուրջյանը, Ալեքսանդրա Գրիգորյանը, Գառնիկ Չոլակյանը, Միլենա Խաչատրյանը, Տաթև Հակոբյանը: Պարգևատրվեցին նաև Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց թիմի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը, հավաքականի մարզիչ Հակոբ Փիլոսյանը, կանանց հավաքականի գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանը, հավաքականի մարզիչ Տարոն Թովմասյանը, թիմի բժիշկ Դավիթ Մոսինյանն ու թիմի մերսող Ռոզա Հովհաննիսյանը:
Ֆեդերացիայի նախագահն ազգային մրցավարի կոչումներ հանձնեց նաև Եվրոպայի չեմպիոն Հռիփսիմե Խուրշուդյանին ու Գառնիկ Աբրահամյանին: