ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Դատապարտում ենք նախագահ Թրամփի կողմից Հայոց ցեղшuպանությունը պատշաճ կերպով չճանաչելը. Ամերիկայի Հայ Դատի Հանձնախումբ

Դատապարտում ենք նախագահ Թրամփի կողմից Հայոց ցեղшuպանությունը պատշաճ կերպով չճանաչելը. Ամերիկայի Հայ Դատի Հանձնախումբ

Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը խստորեն դատապարտում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ամոթալի նահանջը՝ Հայոց ցեղասպանության ամերիկյան ճանաչումից ու հիշատակումից, ինչը դրսևորվեց նրա՝ նույնիսկ «ցեղասպանություն» եզրույթը չհիշատակելու որոշմամբ, որը կայացվել է թուրքական ճնշման ներքո և արտացոլված է Սպիտակ տան կողմից ապրիլի 24-ի ամենամյա ուղերձում։

Մեկնաբանելով Թրամփի հայտարարությունը՝ Հայ դատի Վաշինգտոնի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը նկատել է․ «ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումից նախագահ Թրամփի նահանջը թուրքական սպառնալիքների առաջ տեղի տալու խայտառակ գործողություն է, ամոթալի հրաժարում ամերիկյան պատասխանատվությունից՝ կանխելու Թուրքիայի և Ադրբեջանի շարունակական ցեղասպանական հարձակումները հայերի դեմ։ Արցախի բնիկ քրիստոնյա հայ բնակչության նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացված էթնիկ զտումից, հայ ռազմագերիների նկատմամբ շարունակվող բռնություններից, հայկական քրիստոնեական ժառանգության ոչնչացումից և Հայաստանի ինքնիշխան տարածքի օկուպացիայից հետո՝ նախագահ Թրամփն ունի պարտավորություն ոչ միայն ազնվորեն և ճշմարտապես ճանաչելու 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը, այլև կանխելու դրա շարունակումը Թուրքիայի և Ադրբեջանի կողմից»:

2024 թվականի նախագահական քարոզարշավի ընթացքում նախագահ Թրամփը սոցիալական ցանցերում խոստացել էր «վերականգնել խաղաղությունը Հարավային Կովկասում և կանգնեցնել բռնությունը և էթնիկ զտումները»: Նրա կողմից «ցեղասպանություն» եզրույթի չօգտագործելը՝ օտարերկրյա ճնշման ներքո, այժմ ուղղակի հակասում է այդ խոստմանը:

Ըստ Արամ Համբարյանի՝ «Նախագահ Թրամփի բացթողումը դիվանագիտական սխալ չէ, այլ դիտավորյալ նահանջ ճշմարտությունից և վտանգավոր ազդանշան ԱՄՆ-ի կողմից հակահայ բռնությունների հանդեպ հանդուրժողականության մասին։ Այն արտացոլում է նրա առաջին վարչակազմի ամոթալի լռությունն ու մեղսակցությունը»: Առաջին պաշտոնավարման ընթացքում նախագահ Թրամփը հրաժարվել է ճանաչել Հայոց ցեղասպանությունը և ամերիկյան աննախադեպ ռազմական աջակցություն է տրամադրել Ադրբեջանին՝ երբ վերջինս իրականացրեց իր ցեղասպանական հարձակումը Արցախի հայության դեմ։ Նրա՝ Ադրբեջանին պատասխանատվության չենթարկելը 2020 թվականի փաստագրված պատերազմական հանցագործությունների՝ այդ թվում՝ ռազմագերիների խոշտանգումների, խաղաղ բնակիչների սպանությունների և քրիստոնեական ժառանգության ոչնչացման համար, լայնորեն դիտարկվում է որպես նախադրյալ 2023 թվականին Արցախի ցեղասպանական էթնիկ զտման համար:

Նախագահ Թրամփի՝ ցեղասպանությունը չճանաչելը հակասում է Սպիտակ տան, Կոնգրեսի և ԱՄՆ բոլոր 50 նահանգների պաշտոնական ճանաչումներին:

Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը նախագահ Թրամփին կրկին կոչ է անում հարգել իր նախընտրական խոստումը և առաջնորդել ԱՄՆ քաղաքականության արմատական վերանայումը Թուրքիայի և Հարավային Կովկասի հանդեպ, վերջ տալ ցեղասպանության ժխտման մեջ ԱՄՆ-ի մեղսակցությանը, հաշվետվություն պահանջել դրա իրագործողներից և ապահովել խաղաղություն՝ հիմնված արդարության և Արցախի քրիստոնյա հայ ժողովրդի վերադարձի իրավունքի վրա:

  • Կիսվել: