ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավար կազմը շրջայց է կատարել Լոռու մարզում
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար կազմը հերթական աշխատանքային այցով գտնվում էր Լոռու մարզում։
Մասնավորապես՝ Տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանը, ղեկավարի տեղակալներ Սուրեն Մինասյանը և Արազ Պապիկյանը, Լոռու տարածքային բաժնի ղեկավար Գոռ Ասրյանի և մասնագետների ուղեկցությամբ շրջայց են իրականացրել մարզի մի շարք համայնքներում՝ տեղում ուսումնասիրելու պետական և սուբվենցիոն ծրագրերի իրականացման ընթացքը։
Այցի շրջանակում ծանոթացել են սուբվենցիոն ծրագրերի շրջանակում Վանաձոր համայնքի «Վանաձոր քաղաքի թիվ 8 մանկապարտեզի» նոր մասնաշենքի կառուցման աշխատանքներին (1-ին և 2-րդ փուլերով), ինչպես նաև Գուգարք գյուղի մանկապարտեզի նոր մասնաշենքի կառուցման շինարարության ընթացքին։ Բացի այդ, այցելել են նաև Վանաձոր համայնքի Ուսանողական փողոց 7 հասցեում իրականացվող պետական ծրագրերով նախատեսված շինհրապարակներ։
Մասնավորապես՝ ուսումնասիրվել են ՀՀ քաղաքաշինության կոմիտեի և ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատվիրակմամբ իրականացվող «Վանաձորի Սոս Նալղռանյանի անվան թիվ 13 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ի և «Վանաձորի Խաչատուր Աբովյանի անվան թիվ 9 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի նոր մարզադահլիճների կառուցման աշխատանքները։
Տեղում ուսումնասիրվել են նշված բոլոր օբյեկտների նախագծային փաստաթղթերը։ Արձանագրվել են մի շարք շեղումներ՝ նախագծային փաստաթղթերին չհամապատասխանող լուծումներ և շինարարության որակի հետ կապված խախտումներ։
Տեսչական մարմնի ղեկավարը տեղում հանձնարարականներ է տվել Լոռու տարածքային բաժնի մասնագետներին՝ ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ բոլոր նշված օբյեկտներում արձանագրված թերությունները անհապաղ շտկելու նպատակով։