Մեզ շունչ քաշելու ժամանակ տվեք, մինչև առաջին 3 խնդիրը չլուծենք, մյուսները չպիտի ասեք. Փաշինյանը՝ Նոր Կյանքում
Բա ես էլ գիտեմ՝ ամենամեծ հարցը՝ մանկապարտեզի հարցը լուծել ենք։ Պարզվում է՝ էլի մեծ հարց կա՞։ Ամեն մի բնակավայր պետք է ներկայացնի իրենց երեք առաջնային խնդիրները, որ էլ մարդիկ հարց բարձրանելու խնդիր չունենան, մենք իմանանք։ Բնակիչներով որոշում եք երեք ամենաառաջնային խնդիրները, գալիս է իմ սեղանին, առաջիկա տարիներին դրանք լուծում, պրծնում ենք, հետո գալիս ենք հաջորդ երեք խնդիրն ենք վերցնում։ Ու այդպես շարունակ, մինչեւ բոլոր խնդիրները պրծնեն։ Քանի դեռ էդ երեք խնդիրը չենք լուծել, 4–րդ, 5–րդ խնդիրը մեզ պետք է չասեք, որ մեզ շունչ քաշելու ժամանակ տաք: Այդ մասին ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Նոր Կյանք բնակավայրի մանկապարտեզ այցելության ժամանակ: Մանկապարտեզի տարածքում շրջելուց հետո Փաշինյանը հանդիպել է գյուղի բնակիչներին, որոնք բարձրացրեցին ջրի հարցը։
«Տենց խնդիր չի լինելու համայնքին կամ բնակավայրին վերաբերող, որ դուք բարձրացնեք, ու մենք ասենք՝ չենք լուծելու։ Չկա տենց խնդիր, որ չենք լուծելու։ Պետք է բոլորս հասկանանք, որ դա մենք անում ենք ձեր վճարած հարկերի հաշվին։
Հիմա ասում են՝ անշարժ գույքի հարկը բարձրացրել են։ Նոր Կյանք բնակավայրում էդ հարցը բարձրացնի, պետք է բերել նոր մանկապարտեզի առաջ կանգնացնել, ասել՝ սա էլ ձեր հարցի պատասխանը»,- նշել է նա:
«Մանկապարտեզի մասին հիշեք, ջրամբարի մասին հիշեք, ճանապարհի մասին հիշեք, դպրոցի ու դաշտի մասին հիշեք, ու ոչ մի անգամ առանց ՀԴՄ–ի դուրս մի եկեք։ Պետք է հավատանք իրար, վստահենք իրար, գիտակցենք, որ ամեն մեկիցս ինչ-որ բան կախված է»,- նշել է Փաշինյանը: