հինգշաբթի, հունիս 5
5 / 6 / 2025
Խաչատուրյանն այսօր ընդունել է Հյուսիսային Եվրոպայի և Բալթյան երկրների բարձր ներկայացուցիչների պատվիրակությանը

Խաչատուրյանն այսօր ընդունել է Հյուսիսային Եվրոպայի և Բալթյան երկրների բարձր ներկայացուցիչների պատվիրակությանը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է Հյուսիսային Եվրոպայի և Բալթյան երկրների բարձր ներկայացուցիչների պատվիրակությանը:

Հանդիպման ընթացքում նախագահ Խաչատուրյանը կարևորել է Հայաստանի և Հյուսիսային Եվրոպայի ու Բալթյան երկրների գործընկերությունը՝ շեշտելով, որ այն խարսխված է պատմական կապերի, ավանդական բարեկամության և ընդհանուր ժողովրդավարական արժեքների վրա։

«Ձեր ներկայացրած երկրների հետ մեր հարաբերությունները վերջին շրջանում զարգանում են բավականին ինտենսիվ։ Այս այցելությունն առանձնահատուկ արժեքավոր է, որովհետև հատկապես կարևոր ենք համարում ձեր պես անձանց՝ քաղաքական գործընթացներին մասնակցող, որոշումների կայացման վրա ազդեցություն ունեցող մարդկանց անմիջական ներգրավվածությունը։ Դուք հնարավորություն եք ստանում անձամբ ծանոթանալու Հայաստանի իրավիճակին, իսկ նման հանդիպումները հարթակ են դառնում կարևոր հարցերի շուրջ անմիջական երկխոսության համար»,- ասել է նախագահը։

Վահագն Խաչատուրյանը նշել է, որ Հյուսիսային Եվրոպան և Բալթյան երկրներն արդեն իսկ ունեն համագործակցության կայացած փորձ, որը կարող է ծառայել որպես ներշնչման աղբյուր նաև Հարավային Կովկասի երկրների համար։

«Մենք հույս ենք հայտնում, որ ի վերջո մեր տարածաշրջանում կհաստատվի խաղաղություն, և այդ պայմաններում Հարավային Կովկասի անդամ երկրների համագործակցությունը լրիվ այլ շրջանակներ կընդգրկի և այլ բնույթ կունենա»,- ընդգծել է Հայաստանի նախագահը։

Նախագահ Խաչատուրյանը բարձր է գնահատել նաև Բալթյան երկրների փորձը՝ շեշտելով, որ թեև Հայաստանն ու այդ երկրները ժամանակին եղել են Խորհրդային Միության մաս, վերջիններս կարողացել են կարճ ժամանակում վերածվել լիարժեք, ինքնիշխան, ժողովրդավարական պետությունների։

«Իհարկե, մեզ համար կարևոր է շփումները ժողովրդավարական ինստիտուտների կայացման առումով, որովհետև դուք ներկայացնում եք կայացած ժողովրդավարական երկրներ, որտեղ ժողովրդավարության սկզբունքները, մարդու իրավունքները, ազատությունը, օրենքի գերակայությունը դարձել են ապրելու սովորական նորմ։ Այդ արժեքները արմատավորվել են մարդկանց մտածողության մեջ։

Այս առումով մեզ համար շատ կարևոր է նաև ձեզնից լսել, գնահատել ձեր փորձը և հասկանալ հետագա անելիքները։ Հատկապես շատ կարևորում եմ մերձբալթյան երկրների փորձը, որովհետև ի վերջո մենք որոշ ժամանակաշրջան միասին եղել ենք Խորհրդային Միության անդամ, և դուք կարողացել եք 1991 թվականից հետո շատ կարճ ժամանակում իսկապես դրսևորվել և հանդես գալ որպես լիարժեք, կայացած ժողովրդավարական երկրներ, որոնք իրենց ազդեցությունն ունեն թե՛ Եվրոպական միությունում, թե՛, ինչու ոչ, նաև աշխարհում»,- նշել է նախագահը։

«Մեզ ընդունեք որպես ձեզնից մեկը՝ այն արժեքների կրողը, որ դուք եք կրում, և որի անվանումը, ընդհանուր առմամբ, ժողովրդավարություն է։ Հայաստանը երկիր է, որը պատրաստ է այսօրվա դժվարին ժամանակաշրջանում, երբ աշխարհում ժողովրդավարության հետ կապված որոշակի խնդիրներ և դժվարություններ կան, ձեզ հետ միասին պայքարել այդ արժեքների ամրապնդման և պաշտպանության համար։ Ի վերջո, մեզ ընդունեք որպես ձեզնից մեկը՝ այն գաղափարների իրագործման ճանապարհին, որոնց վրա բոլորս ենք ապավինում՝ մարդու իրավունքներ, ազատություն, օրենքի գերակայություն»,- իր ողջույնի խոսքում նշել է Հանրապետության նախագահը։

Հանդիպման ընթացքում Վահագն Խաչատուրյանը պատասխանել է պատվիրակության անդամների հարցերին՝ անդրադառնալով տարածաշրջանային զարգացումներին, ժողովրդավարական բարեփոխումների ընթացքին և համագործակցության հետագա հեռանկարներին:

  • Կիսվել: