ուրբաթ, հուլիս 24
24 / 7 / 2026
Ինչպե՞ս կարելի է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում նշաձողի իջեցումից հետո նշաձող բարձրացնել Պաղեստինի կարգավիճակի հարցում. Մարուքյան

Ինչպե՞ս կարելի է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում նշաձողի իջեցումից հետո նշաձող բարձրացնել Պաղեստինի կարգավիճակի հարցում. Մարուքյան

Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում նշաձողի իջեցումից հետո այն բարձրացնել Պաղեստինի կարգավիճակի հարցում առնվազն անհասկանալի է: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանը: 

«Իմ պատկերացրած և ջատագովված բալանսավորված արտաքին քաղաքականության համատեքստում Պաղեստինի պետության ճանաչումը ժամանակավրեպ և սխալ որոշում է:
Այո՛, Համասի գործողությունները ժամանակին պետք է դատապարտվեին, այո’, Իսրայելի պետության կողմից Գազայում կատարվող զանգվածային սպանությունները և աղետալի իրավիճակը պետք է դատապարտվի, սակայն Պաղեստինի պետության ճանաչումը, այն տեսքով, ինչ իրականացրել են փոքրաթիվ պետություններ, տվյալ հարցում Հայաստանի համար արտաքին քաղաքականության բալանսի էական խախտում է:

Բազմիցս պնդել եմ, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է հայց ներկայացնի Արդարադատության Միջազգային Դատարան ընդդեմ Ադրբեջանի «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և պատժելու մասին» կոնվենցիայի համապատասխան, Լեռնային Ղարաբաղում կազմակերպված և իրականացված էթնիկ զտման, ցեղասպանական գործողությունների հիմքով, այնպես ինչպես Հարավային Աֆրիկայի Հանրապետությունն է արել ընդդեմ Իսրայելի։

Թուրքիան, Եգիպտոսը միացել են հայցին և այլ երկրներ աջակցություն հայտնել: Հայաստանի իշխանությունները հրաժարվում են նման հայց ներկայացնելու ընդդեմ Ադրբեջանի, բայց Պաղեստինի պետությունը ճանաչում են:

Ի վերջո, ինչպե՞ս կարելի է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում նշաձողի իջեցումից հետո նշաձող բարձրացնել Պաղեստինի կարգավիճակի հարցում»,-նշել է նա:

  • Կիսվել: