Լռությունը խախտվեց․ Մբապեն առաջին հայտարարությունն է արել սկանդալային միջադեպից հետո
Մադրիդի «Ռեալի» և Ֆրանսիայի ազգային հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն պաշտոնապես ներողություն է խնդրել իր անզգույշ կատակի համար, որը վերածվել էր միջազգային սկանդալի, գրում է armsport.am-ը:
Ֆրանսիացի ֆուտբոլիստն իր X-ի միկրոբլեգում հանդես է եկել հատուկ հայտարարությամբ.
«Վերջերս տված հարցազրույցի ժամանակ ես արձագանքեցի իմ մասնակցությամբ մի պատկերի։ Մեկնաբանությունս չմտածված էր, և այժմ հասկանում եմ, որ այն վիրավորել է շատերին Չինաստանում և չինական համայնքներում ամբողջ աշխարհում։ Ներողություն եմ խնդրում բոլոր նրանցից, ում վշտացրել են իմ խոսքերը։ Դա բնավ իմ նպատակը չէր։ Ես խորապես հարգում եմ չինացի ժողովրդին և նրա պատմությունը ու անկեղծորեն ցավում եմ տեղի ունեցածի համար»։
Աղմկահարույց սկանդալը ծագել էր այն բանից հետո, երբ Մբապեն հարցազրույցում ծիծաղելի էր համարել այն համացանցային մեմը, որտեղ իր դեմքը տեղադրված էր Չինաստանի նախկին առաջնորդ Մաո Ցզեդունի փոխարեն։ Ֆուտբոլիստն այդ կերպարն անվանել էր «չինացի բռնապետ»։
Հիշեցնենք, որ ֆրանսիացի հարձակվողի այս արտահայտությունը զանգվածային դժգոհությունների ալիք էր բարձրացրել Չինաստանում, իսկ տեղական խոշոր բրենդները միակողմանիորեն խզել էին աստղային ֆուտբոլիստի հետ գնահատվող բազմամիլիոնանոց գովազդային պայմանագրերը։
Ավելին, Իսպանիայի Լա լիգան կանգնել էր չինական Migu սթրիմինգային հարթակի հետ շուրջ 400 միլիոն եվրոյի հեռարձակման պայմանագիրը վաղաժամկետ կորցնելու վտանգի առաջ, ինչի հետևանքով Լա լիգայի նախագահ Խավիեր Տեբասը ստիպված եղավ պաշտոնական ուղերձով անձամբ ներողություն խնդրել Չինաստանի ժողովրդից՝ իսպանական ակումբներին ու առաջնությանը սպառնացող ֆինանսական վնասները կանխելու նպատակով։



