Հավանաբար կալանքի միջնորդություն կներկայացնեն. պաշտպանը՝ Վարդան Ղուկասյանի գործի մասին
Ես Հակակոռուպիցոն կոմիտեից ծանուցվել եմ, որ Վարդան Ղուկասյանն այստեղ է, եկել եմ գործի նյութերին ծանոթանալու։ Այս մասին այսօր Հակակոռուպցիոն կոմիտեի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի պաշտպան Արամայիս Հայրապետյանը։
Լրագրողների հարցին՝ ինքը լսե՞լ է Հակակոռուպցիոն կոմիտեի տարածած ձայնագրությունը, այդեղ իրո՞ք Վարդան Ղուկասյանի ձայնն է, արդյոք ի՞նքն է կաշառք վերցրել, նա պատասխանեց. «Պարոն Ղուկասյանը հերքում է ամեն ինչ, նման որեւէ հանգամանք չի ընդունում։ Ավելին ասեմ, այդ նկարագրության մեջ մասը 2024–ի դեկտեմբերի եւ 2025–ի փետրվարի է։ 2024–ին Վարդան Ղուկասյանը համայնքի ղեկավար չէր, ոչ էլ 2025–ի փետրվարին։ Քաղաքապետի ՔՊ–ի պաշտոնակատարին հարցրեք, թե ինչու են նման բաներ տեղի ունեցել։ 6-7 դրվագից միայն մեկն է վերաբերվում Վարդան Ղուկասյանի պաշտոնավարման ընթացքին»։
Ինչ վերաբերում է Վարդան Ղուկասյանի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին, նա նշեց. «Ես մի քանի օր առաջ նշեցի, որ սկսվել է ամբիոնից վարչապետի հայտարարության իրականության գործընթացը, այն է՝ հեռացնել Վարդան Ղուկասյանին քաղաքական և հանրային դաշտից։ Քաղաքական դաշտից նման մեթոդներով հեռացնելը հնարավոր է, իսկ հանրային դաշտից հեռացնելը հնարավոր է ֆիզիկապես ոչնչացնելով, որի հետ կապված մենք հանցագործության մասին հաղորդում ենք ներկայացրել քննչական մարմիններին, բայց գտել են, որ դա քննարկման ենթակա չէ»։
Պաշտպանը կանխատեսեց, որ հավանաբար կալանքի միջնորդություն կներկայացնեն։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ուժային կառույցների աշխատակիցները վաղ առավոտյան մտել են Գյումրիի քաղաքապետարան։ Դիմակավորված հատուկջոկատայինները արգելել էին աշխատակիցների ելքն ու մուտքը։ Քաղաքացիներ են հավաքվել քաղաքապետարանի դիմաց, որտեղ ոստիկանությունը բերման է ենթարկել քաղաքացիների։
Դիմակավորված ուժայինները հատուկ գործողություն իրականացնելով, Գյումրիի քաղաքապետարանի հետնամուտքից ավտոմեքենայով շատ արագ ձերբակալել ու տարել են քաղաքապետ Վարդան Ղուկասյանին։ Նրան տեղափոխել են Երեևան՝ Հակակոռուպցիոն կոմիտե։
Ավելի ուշ Հակակոռուպցիոն կոմիտեն հաղորդագրություն էր տարածել, նշելով, որ քաղաքապետարանի 8 աշխատակիցներ, այդ թվում քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, ձերբակալվել են կաշառք ստանալու և տալու մեղադրանքներով։
Ձերբակալվածների թվում է նաև քաղաքի գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը։ Հակակոռուպցիոն կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ կար գաղտնալսված մի ձայնագրություն, որտեղ խոսակցություն էր քաղաքապետի ու գլխավոր ճարտարապետի միջեւ։
Տեսանյութը՝ այստեղ:


