Դիանա Վարդանյան-Մարատյանը նշանակվել է Լիբանանի վիճակագրության կենտրոնական վարչության ղեկավար
ՀՅԴ թեկնածու Դիանա Վարդանյան-Մարատյանը Լիբանանի կառավարության կողմից նշանակվել է երկրի վիճակագրության կենտրոնական վարչության գլխավոր տնօրենի պաշտոնում։ Այս մասին հայտնել են Լիբանանի ՀՅԴ մամուլի ծառայությունից։
Որոշումն ընդունվել է հոկտեմբերի 8-ին՝ նախագահական պալատում կայացած նիստի ընթացքում։
Վարդանյան-Մարատյանը պետական կառավարման մագիստրոսի աստիճան է ստացել Բեյրութի Ամերիկյան համալսարանում։ Նույն համալսարանում նա ստացել է նաև պետական կառավարման բակալավրի աստիճան՝ հոգեբանություն մասնագիտությամբ։
Նա միջազգային կազմակերպություններում ունի շուրջ 20 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ, որից մոտ 15 տարին աշխատել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) լիբանանյան գրասենյակում։ Զբաղվել է պետական ինստիտուտների բարեփոխումների, պատշաճ կառավարման, օրենքի գերակայության, խորհրդարանական զարգացման, մարդու իրավունքների պաշտպանության և կոռուպցիայի դեմ պայքարի հարցերով։



