ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Գերիների մասին խոսելիս իշխանության հոխորտանքներին հիմնականում եկել են փոխարինելու մեղայական արդարացումները. Առաքելյան

Գերիների մասին խոսելիս իշխանության հոխորտանքներին հիմնականում եկել են փոխարինելու մեղայական արդարացումները. Առաքելյան

Արդեն 10 օր է Հայաստանի հասարակական-քաղաքական թիվ մեկ օրակարգը Բաքվում գտնվող մեր գերիներն են։ Եվ այս ամենը հանրության ակտիվության շնորհիվ։ Փողոցներում, աշխատավայրերում, տարբեր միջավայրերում, սոցիալական ցանցերում, ԶԼՄ-ում հիմնական ասելիքը գերիների մասին է։ Այս մասին սոցցանցի իր էջում գրել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը:
 
«Այս ամենի արդյունքում իշխանությունն էլ սկսում խոսել գերիների մասին բոլորովին այլ տոնով։ Հոխորտանքներին հիմնականում եկել են փոխարինելու մեղայական արդարացումները։ Եվ սա հասարակության ճնշման արդյունքում է։
 
Ռուբենը հենց սրա մասին է խոսում։ Երբ անտարբերությանը ու հանձնվողականությանը փոխարինում է պատասխանատվությունն ու պայքարը, սկսում ենք արձանագրել արդյունքներ՝ թեկուզ փոքր քայլերով։
 
Հետևաբար, կարևոր է պայքարել, անդարար պայքարել, ցույց տալ, որ ուժեղ ու զարգացող Հայաստանը այլընտրանք չունի, ցույց տալ, որ հայ ժողովրդի արժանապատվությունն ու կամքը անբեկանելի է»,-նշել է նա:

  • Կիսվել: