2018-ից վախի մթնոլորտն ավարտվել է ՀՀ-ում. Միքայել Խաչատրյանը՝ ընտրական գործընթացների շրջանակում ճնշումների մասին
Կոչ եմ անում ՀՀ բոլոր քաղաքացիներին, ժողովո՛ւրդ ջան, ոչ ոք չպետք է վախենա ոչ ոքից: 2018 թվականից վախի մթնոլորտն ավարտվել է ՀՀ-ում: Եթե կան օրենքին չհամապատասխանող արարքներ, գնացե՛ք և ուղիղ, փաստահեն կերպով հաղորդում տվեք: Այդ մասին խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Միքայել Խաչատրյանը՝ անդրադառնալով ընտրական գործընթացների շրջանակում ճնշումների մասին խոսակցություններին:
«Քանի որ տարբեր ընդդիմադիր ուժեր, ընդդիմադիր գործիչներ անընդհատ ահազանգում են, որ այս կոռումպացված իշխանությունը տարբեր մեխանիզմներով, տարբեր ձևաչափերով փորձում է խոչընդոտել իրենց առաջխաղացումը, ես էլ եմ կոչ անում, թող բոլոր այն ուժերը… Եթե մի քաղաքացու ձայն կեղծվել է ՀՀ խորհրդարանական ընտրություններում, ՏԻՄ ընտրություններում՝ նույնպես, հրապարակները ազատ են, բոլորին կոչ եմ անում՝ թող դուրս գան՝ հեղափոխություն անելու:
Այսինքն՝ մենք սա ասում ենք այն բանի համար, որ եթե նման անհանգստություն լիներ ՀՀ քաղաքացիների տարբեր շրջանակներում, ոչ թե միայն ընդդիմադիր շրջանակներում, այդ հանրահավաքները և ցույցերն արդեն իսկ կազմակերպված կլինեին, որովհետև ՀՀ քաղաքացիները շատ լավ հասկանում են, թե երբ է ընտրությունը կեղծվել, և թե երբ ընտրությունը չի կեղծվում»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ թեմայի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընտրական իրավունքի խոչընդոտման և ապօրինի ճնշումների ենթարկվող քաղաքացիներին կոչ էր արել կազմակերպել բողոքի ակցիաներ։
Ավելի վաղ նա ՏԻՄ ընտրությունների մասնակից թեկնածուներին և ընտրողներին, որոնք հայտնել են ճնշումների մասին, հորդորել էր դիմել իրեն՝ [email protected] էլեկտրոնային հասցեով՝ խոստանալով, որ հիմնավորված դեպքերում պատասխանատու պաշտոնյաները հրապարակայնորեն կպատժվեն։



