ԵԽ պատգամավորն Ադրբեջանից հստակ հանձնառություն է ակնկալում Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրման հարցում
Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Նատալի Լուազոն իր աջակցությունն է հայտնում Հայաստանի ջանքերին Ադրբեջանի հետ խաղաղության հասնելու ուղղությամբ՝ ակնկալելով նույնական մոտեցում նաև Բաքվի կողմից։
ԵԽ պատգամավորն այս մասին նշել է «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում՝ խոսելով Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման և հարաբերությունների կարգավորման շուրջ համաձայնագրի տեքստի դրույթների վերջնականացման վերաբերյալ կողմերի արած հայտարարությունների և այդ համաձայնագրի՝ հնարավորինս շուտ ստորագրման անհրաժեշտության մասին։
Զրույցի ընթացքում ԵԽ պատգամավորը կարևոր հանգրվան է համարել Երևանի ու Բաքվի միջև խաղաղության հաստատմանն ուղղված համաձայնագրի վերջնականացումը։
«Ես վճռականորեն աջակցում եմ Հայաստանի իշխանությունների կողմից խաղաղության օգտին ձեռնարկվող շարունակական ջանքերին։ Ադրբեջանի հետ ձեռք բերված համաձայնագիրը շատ կարևոր հանգրվան է։ Ես ակնկալում եմ Բաքվի կողմից հստակ հանձնառություն՝ գործընթացն ավարտին հասցնելու և համաձայնեցված խաղաղության պայմանագիրը ստորագրելու համար»,-շեշտել է Նատալի Լուազոն։
Հայաստանն ու Ադրբեջանը մարտի 13-ին հայտարարել են, որ վերջնական համաձայնության են հասել խաղաղության համաձայնագրի նախագծի տեքստի շուրջ։ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ պատրաստ է Բաքվի հետ քննարկումներ սկսել համաձայնագրի ստորագրման ժամկետների և վայրի վերաբերյալ։ Բազմաթիվ երկրներ արդեն ողջունել են Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնության ձեռքբերումը խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ և հույս են հայտնել, որ այն կստորագրվի հնարավորինս շուտ։Ադրբեջանը դրանից հետո սկսել է նոր նախապայմաններ ներկայացնել խաղաղության համաձայնագրի ստորագրման համար։ Ադրբեջանական կողմը շարունակում է կեղծ պնդումները, թե Հայաստանի Սահմանադրությունը իբր տարածքային պահանջներ է պարունակում Ադրբեջանի նկատմամբ՝ շեշտելով, որ Հայաստանի Սահմանադրությունը պետք է փոխվի։ Ադրբեջանը նաև պնդում է, որ հարկավոր է լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբ։ Հայաստանի վարչապետը բազմիցս հայտարարել և հիմնավորել է, որ ՀՀ Սահմանադրությունը որևէ երկրի նկատմամբ տարածքային պահանջներ չի պարունակում։ ՀՀ վարչապետն Ադրբեջանին առաջարկել է խաղաղության համաձայնագիրը ու Մինսկի խումբը լուծարելու դիմումը ստորագրել միաժամանակ։
Լուազոն անդրադարձ է կատարել նաև Հայաստանի ու Եվրամիության միջև հարաբերությունների խորացմանն ու երկխոսության օրակարգի ընդլայնմանը և այդ համատեքստում հունիսի 29-30-ը Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի՝ Հայաստան կատարած այցին։
«Հայաստանը և Եվրոպական Միությունն ակնհայտորեն ամրապնդում են հարաբերությունները։ Նրանք դա անում են, քանի որ երկու կողմն էլ մեծապես աջակցում են ամուր գործընկերությանը։ Սա ժողովուրդների կամքով պայմանավորված դիվանագիտական քայլի հազվագյուտ և հստակ օրինակ է։ Կայա Կալասի այցը Երևան այս միտման բնական հետևանքն է»,-ընդգծել է Եվրոպական խորհրդարանի պատգամավորը։
Հունիսի 29-30-ը Հայաստան էր այցելել Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը։ Այցի ընթացքում Հայաստանն ու Եվրամիությունը հայտնեցին գործընկերության նոր օրակարգի շուրջ բանակցությունների ավարտի մասին։