Տրվել է Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի կոշտ կենցաղային թափոնների կառավարման ծրագրի մեկնարկը (տեսանյութ)
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Կոտայքի մարզի Հրազդան համայնք, որտեղ տրվել է Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի կոշտ կենցաղային թափոնների կառավարման ծրագրի մեկնարկը:
14,8 մլն եվրո արժողությամբ ծրագիրն իրականացվել է ՀՀ Կառավարության և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի համագործակցությամբ: Ծրագրի շրջանակում իրականացվել են Հրազդան համայնքում նոր սանիտարական աղբավայրի և Մարտունի ու Ակունք բնակավայրերում աղբի փոխաբեռնման կայանների կառուցապատման աշխատանքները։
Միաժամանակ, երկու մարզերի բոլոր բնակավայրերում ԵՄ չափանիշներին համապատասխան աղբահանության ինտեգրված համակարգի ներդրման նպատակով մշակվել են երկու մարզերի բոլոր բնակավայրերի աղբահանության սխեմաները և կազմվել աղբի հավաքման օպտիմալ երթուղիները։ Սխեմաների հիման վրա ձեռք են բերվել անհրաժեշտ մեքենասարքավորումները։
Աղբահանության ծառայությունների մատուցման և աղբավայրերի ու փոխաբեռնման կայանների շահագործման համար երկու մարզի համայնքների կողմից հիմնադրվել ու գրանցվել է «Կոտայքի և Գեղարքունիքի ԿԿԹԿ» ՍՊԸ-ն։