Ուզում եմ միանալ ներողություններին՝ ուղղված մեր հանրությանը, այսօր ԱԺ-ում տեղի ունեցածի համար. Ռուբինյան
Ուզում եմ միանալ ներողություններին՝ ուղղված մեր հանրությանը, այսօր ԱԺ-ում տեղի ունեցածի համար: Իհարկե, ես դրանում մեղավոր չեմ, ոչ էլ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն է մեղավոր, բայց ամեն դեպքում, սա ԱԺ-ն է, և մենք դրա համար պատասխանատվություն կրում ենք: Այդ մասին Ազգային ժողովում հայտարարեց խորհրդարանի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով ԱԺ նիստերի դահլիճում առավոտյան տեղի ունեցած հրմշտոցին, որն սկսվել էր այն բանից հետո, երբ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանն իր նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու միջնորդագրի քննարկման շրջանակում հայտարարեց՝ պատգամավորների հարցերին պատասխանելու փոխարեն 4 անչափահաս երեխաների և կնոջ հետ գնալու է եկեղեցի՝ մոմ վառելու, որից հետո կներկայանա քննչական մարմնին:
Ռուբինյանը կարծիք հայտնեց, թե ինչու է խորհրդարանական ընդդիմությունն ԱԺ-ում «հրմշտոց սադրում և հեռանում»: Ըստ ԱԺ փոխնախագահի՝ դա ունի երկու պատճառ:
«Պատճառ առաջին, մեր ընդդիմադիր գործընկերներին պետք էր պատճառ չլինել դահլիճում և ստիպված չլինել պատասխանել իրենց ուղղվող փաստական հանգամանքներին: Նաև նրանց համար դժվար էր լինելու իրենց առանձնացնել իրենց իսկ խմբակցության անդամից, որը մեղադրվում է ահաբեկչություն կազմակերպելու համար:
Կա նաև երկրորդ պատճառը, իրենց պետք էր ստեղծել իրավիճակ, որից հետո պետք է բոլորին, այդ թվում՝ իրենց ենթակա մամուլով և թերթոններով, հայտարարել. «Հասե՛ք, «Քաղաքացիական պայմանագրի» ոհմակը հարձակվել է և ծեծում է մեզ», ինչը, իհարկե, իրականությանը չի համապատասխանում»,- ասաց նա:
Ռուբեն Ռուբինյանը նաև հայտարարեց, որ թույլ են տալու քրեական հետապնդում հարուցել Արթուր Սարգսյանի նկատմամբ: