Ուզում եք ստանալ ժողովրդի կամքը, որ դուք լինեք իշխանություն, գնացեք ընտրությունների, դիմեք խաղաղ ակցիաների. Ռուբինյան
Չգիտեմ՝ մեր ընդդիմությունը ինչի՞ վրա է հույսը դրել, նույնիսկ պրակտիկ տեսանկյունից, Հայաստանում երբեք ոչ մի բռնի շարժում չի հասել հաջողության: Այդ մասին Ազգային ժողովում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու՝ ՀՀ գլխավոր դատախազի միջնորդագրի քննարկման ժամանակ հայտարարեց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը:
«Գոնե մեզնից կարող են սովորել, որ, բացի ընտրություններից, Հայաստանում իշխանություն փոխելու միակ մյուս ձևը, եթե կա հանրային աջակցություն, ոչ բռնի շարժումներն են»,- ասաց նա:
Ըստ Ռուբինյանի՝ արտախորհրդարանական և խորհրդարանական ուժերի շրջանակներում կան «ահաբեկիչների պաշտպաններ» այն պատճառաբանությամբ, թե «հանուն վեր նպատակների է, քանի որ իշխանությունը դավաճան է»: Այս համատեքստում ԱԺ փոխնախագահը, դիմելով դահլիճը հրմշտոցի միջադեպից հետո լքած ընդդիմադիր պատգամավորիներին, հայտարարեց.
«Եթե բոլորը սկսեն մտածել, որ բռնությունն արդարացված է հանուն ինչ-որ վեր նպատակի, իսկ բոլորը վեհ նպատակ ունեն, դա կբերի տոտալ քաոսի:
Պատկերացրեք՝ ինչ կլինի եթե ես, ամբողջ «Քաղաքացիական պամանագիրը» մտածենք, որ հանուն վեհ նպատակի ձեզ բոլորիդ պետք է վերացնենք: Լա՞վ բան է դա: Իհարկե, վատ բան է դա:
Միակ վեհ նպատակն օրինականությունն է: Միակ վեհ նպատակը ժողովրդի կամքն է: Ուզում եք ստանալ ժողովրդի կամքը, որ դուք լինեք իշխանություն, գնացեք ընտրությունների, դիմեք խաղաղ ակցիաների, ո՞վ է ձեր ձեռքը բռնել: 5 տարի անընդհատ հնարավորություն են ունեցել անցկացնել հանրահավաքներ, երթեր, մի քանի անգամ փակել են Ֆրանսիայի հրապարակը, վրաններ են խփել, այդ վրաններում անգամ թմրամիջոցի գերդոզավորումից մարդ է մահացել»:
Ելույթի ավարտին Ռուբինյանը հայտարարեց, որ կողմ է քվեարկելու Արթուր Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու նախագծին. «Տեռորիզմը, ահաբեկչությունը, ռազմական հեղաշրջումները, ցանկացած ապօրինի հեղաշրջում մեր երկրում տեղ չունեն»: