երեքշաբթի, հուլիս 8
8 / 7 / 2025
Փաշինյանն այցելել է «ՍՕՍ Մանկական Գյուղեր» հիմնադրամի Կոտայքի մասնաճյուղ

Փաշինյանն այցելել է «ՍՕՍ Մանկական Գյուղեր» հիմնադրամի Կոտայքի մասնաճյուղ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է «ՍՕՍ Մանկական Գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի Կոտայքի մասնաճյուղ։ Վարչապետն Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի և հիմնադրամի ղեկավարների ուղեկցությամբ շրջել է կենտրոնում, հյուրընկալվել կազմակերպության խնամքի ներքո գտնվող երեխաներին, շփվել նրանց ու աշխատակիցների հետ։

«ՍՕՍ Մանկական Գյուղեր» ՀԲՀ աշխատակազմը վարչապետին ներկայացրել է հիմնադրամի գործունեության, մատուցվող ծառայությունների, ինչպես նաև իրականացվող աշխատանքների մասին մանրամասներ։

Հիմնադրամի Կոտայքի մասնաճյուղում ներկայում խնամք է ստանում 3-18 տարեկան առանց ծնողական խնամքի մնացած 70 երեխա, որոնցից 34-ը տղա, 36-ը՝ աղջիկ։ 4-5 տարիքային խմբում խնամվում է 1 երեխա, 6-9 տարիքային խմբում՝ 9 երեխա, 10-11-ը տարիքային խմբում՝ 9 երեխա, 12-16 տարիքային խմբում՝ 35 երեխա, 17-18 տարիքային խմբում՝ 16 երեխա։ Երեխաները հաճախում են նախադպրոցական ուսումնական հաստատություն, տարրական դպրոց, միջին դպրոց, ավագ դպրոց և միջին մասնագիտական հաստատություններ:

 

Կառավարության 2025 թվականի մայիսի 8-ի «ՍՕՍ-Մանկական Գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի հետ դրամաշնորհային պայմանագիր կնքելու և «Գավառի մանկատուն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը լուծարելու մասին» որոշման համաձայն ս․թ. մայիսի 26-ից «Գավառի մանկատուն» ՊՈԱԿ-ում խնամվող երեխաների խնամքն ու դաստիարակությունը կազմակերպվել է «ՍՕՍ-Մանկական Գյուղեր» հիմնադրամի Կոտայքի մասնաճյուղում:

Նշվել է, որ ընտանեկան միջավայրին մոտ խնամքը կազմակերպվում է համապատասխանաբար կահավորված առանձին 10 տներում, որտեղ բնակվում են առավելագույնը 8 երեխա։ Երեխաների խնամքով զբաղում են հատուկ վերապատրաստված մասնագետներ։

Մինչև երեխաների վերաուղեգրումը, 5 տարի ժամկետով հուշագիր է կնքվել Հիմնադրամի հետ և անվանական դրամաշնորհ է հատկացվել վերջինիս՝ հաշվի առնելով նրա ընտանեկանին մոտ միջավայրում խնամք իրականացնելու ՀՀ-ում 35 տարվա եզակի փորձառությունը, ինչպես նաև շուրջ 130 երկրում 76 տարվա գործունեությունը։ Կազմակերպության հետ կնքվել է 251 մլն 458 հազար դրամի չափով դրամաշնորհի տրամադրման պայմանագիր՝ 26.05.2025-31.12.2025 ժամանակահատվածում շահառուների խնամքի կազմակերպման համար:

Նախաձեռնությունը պայմանավորված է ՀՀ Կառավարության որդեգրած երեխայի ընտանիքում ապրելու իրավունքի իրացման քաղաքականությամբ, երեխաների պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումներով, խնամքի շուրջօրյա հաստատություններ երեխաների մուտքի կանխարգելմամբ, այլընտրանքային խնամքի ծառայությունների ընդլայնմամբ:

  • Կիսվել: