երեքշաբթի, մայիս 6
6 / 5 / 2025
ԱԺ-ում քննարկվում է Անդրանիկ Քոչարյանի վարքագծի վերաբերյալ էթիկայի հանձնաժողով ստեղծելու հարցը

ԱԺ-ում քննարկվում է Անդրանիկ Քոչարյանի վարքագծի վերաբերյալ էթիկայի հանձնաժողով ստեղծելու հարցը

Ազգային ժողովում մայիսի 6-ին մեկնարկած հերթական նիստի ընթացքում քննարկվում է պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի վարքագծի վերաբերյալ ժամանակավոր էթիկայի հանձնաժողով ստեղծելու հարցը։ Նախաձեռնությունը ներկայացրել են «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները։

Հիմնական զեկուցող, ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը նշեց, որ նախաձեռնությունն ուղղված է Ազգային ժողովում տեղի ունեցած կոնկրետ միջադեպի ուսումնասիրությանը։

«Առաջարկվում է հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրության 107-րդ հոդվածը և «Ազգային ժողովի կանոնակարգ» Սահմանադրական օրենքի 16-րդ հոդվածը՝ ստեղծել ժամանակավոր հանձնաժողով՝ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի վարքը քննելու նպատակով։ Հանձնաժողովը նախատեսվում է կազմել 5 անդամից և սահմանել դրա գործունեության առավելագույն ժամկետը՝ մինչև 2 ամիս»,-ասաց Թովմասյանը։

Նախաձեռնող խմբակցությունների ներկայացրած հիմնավորման մեջ նշվում է, որ հարցը ծագել է 2025 թվականի մարտի 20-ին Ազգային ժողովի միջանցքում տեղի ունեցած միջադեպի պատճառով, երբ Անդրանիկ Քոչարյանը, ըստ հաղորդման, լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանի նկատմամբ դրսևորել է ակնհայտ անհարգալից և խտրական վերաբերմունք՝ ասելով «շուրթերդ մաքրիր» և արգելելով կանգնել իր կողքին՝ նշելով, թե «դուք լրագրող չեք»։

«Ազգային ժողովի պատգամավորի գործունեության և երաշխիքների մասին օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ և 8-րդ կետերը հստակ սահմանում են, որ պատգամավորը պարտավոր է հարգել հանրության բարոյական նորմերը, հարգալից վերաբերմունք ցուցաբերել քաղաքական ընդդիմախոսների, Ազգային ժողովում հարցերի քննարկման մասնակիցների, լրագրողների, ինչպես նաև բոլոր այն անձանց նկատմամբ, որոնց հետ պատգամավորը շփվում է իր լիազորությունները իրացնելիս»,-ընդգծեց Թովմասյանը։

Պատգամավորը նաև հիշեցրեց «Զանգվածային լրատվության մասին» օրենքի դրույթները, որոնք արգելում են լրագրողի մասնագիտական գործունեության խոչընդոտումը։

«Հաշվի առնելով այս իրողությունները, ՀՀ ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցություններն անհրաժեշտություն են համարում նման դեպքերը բացառելու նպատակով ստեղծել ԱԺ Էթիկայի ժամանակավոր հանձնաժողով՝ քննելու պատգամավորի վարքը և տալու եզրակացություն՝ նման վարքի կրկնությունը բացառելու նպատակով»,-եզրափակեց Թովմասյանը։

  • Կիսվել: