Ադրբեջանն ամեն ջանք գործադրում է լեգիտիմացնել այսպես կոչված «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքը»․ Անժելա Էլիբեգովա
Ադրբեջանական կողմը ամեն ջանք գործադրում է լեգիտիմացնել այսպես կոչված «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի» գոյությունը, InfoPort.am-ի հետ զրույցում ասաց ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան՝ մեկնաբանելով օրերս Բաքվում Միացյալ Թագավորության դեսպանի հետ ԼՂ «ադրբեջանական համայնքի» ղեկավար Թուրալ Գյանջալիևի հանդիպումը։
«Այսպես կոչված ադրբեջանական համայնքի ղեկավար Թուրալ Գյանջալիևը ակտիվ շփումների մեջ է դիվանագիտական ու միջազգային շրջանակների հետ, քարոզչական պատերազմի մեջ շատ ակտիվ ներգրավված է, ամեն կերպ այդ այսպես կոչված ղարաբաղա-ադրբեջանական համայնքի բրենդը հանում է միջազգային շուկա և շատ ակտիվ աշխատանք է տանում վաղուց, որի վկայությությւոնն է նաև հերթական հանդիպումը, այս անգամ ՄԹ դեսպանի հետ», -ասաց փորձագետը։
Նրա խոսքով, եթե հայկական կողմը որևէ քայլ չի ձեռնարկել, որ նման հանդիպումները կանխվեն, նշանակում է կամ հայկական կողմը չունի ռեսուրս դրանք կանխելու համար, կամ տվել է իր համաձայնությունը։
«Երկու տարբերակներն էլ մեզ համար վատ են», նկատեց նա։ Ստեղծված իրավիճակում, ըստ փորձագետի, հայկական կողմը անելիք ունի, որպեսզի հակընդդեմ քայլերով հանդես գա։ Այդպիսի հակաքայլ, օրինակ, ըստ Էլիբեգովայի, կարող է լինել Ադրբեջանի հայ փախստականներին ներկայացնող մի կառույցի գոյությունը։
«Եթե Ադրբեջանի կողմից այդ համայնքի շրջանառումը կանխել այլևս հնարավոր չէ, ապա որպես հակաքայլ, կարելի է ստեղծել Ադրբեջանի հայ փախստականների մի կառույց, որն էլ իր իրավունքները բարձրաձայնելու հնարավորություն կունենա», նկատեց Անժելա Էլիբեգովան։ Ինչ վերաբերում է Հայաստանի ԱԳՆ-ի արձագանքին, որ տվյալ համայնքի ներկայացուցչի հանդիպումները վտանգ կամ խնդիր չեն ներկայացնում բանակցային պրոցեսի համար, ապա Էլիբեգովան կարծում է, որ այսպես կոչված «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի» ղեկավարի նման հանդիպումները խնդրահարույց են, քանի որ այդպիսով այդ անձը փորձում է միջազգային դեմքերի մոտ ձեռք բերել վստահության պաշար։
«Իրենց փախստականների տեսակետը այդ անձը հասցնում է միջազգային հարթակներ, բայց մեր տեսակետը, մեր փախստականների անունից խոսացող որևէ անձ մենք այսօր չունենք»,- նշեց նա։
Նշենք, որ Լեռնային Ղարաբաղի «ադրբեջանական համայնքի» ղեկավարը օրերս Բաքվում հանդիպել էր ՄԹ դեսպանի հետ, իսկ մինչ այդ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ։