հինգշաբթի, հոկտեմբեր 8
8 / 10 / 2026
Իրանը կշարունակի դիմադրությունն ու բանակցությունները՝ ժողովրդի իրավունքները պաշտպանելու համար. Փեզեշքիան

Իրանը կշարունակի դիմադրությունն ու բանակցությունները՝ ժողովրդի իրավունքները պաշտպանելու համար. Փեզեշքիան

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ երկիրը կշարունակի դիմադրությունը և իր կայունության ամրապնդումը՝ միաժամանակ վարելով բանակցություններ՝ իրանցի ժողովրդի իրավունքներն ու շահերը պաշտպանելու համար, հայտնում է Tasnim-ը։

Չորեքշաբթի կառավարության նիստում ելույթ ունենալով՝ Փեզեշքիանն ասել է, որ Իրանը բախվում է «պատերազմի բոլոր չափումներում», սակայն շարունակում է երկխոսությունն ու բանակցությունները՝ արժանապատվության և ուժի դիրքերից։

«Միևնույն ժամանակ մենք վճռականորեն իրականացնում ենք դիմադրության և կայունության ամրապնդման ծրագիրը և, անկասկած, կդիմադրենք, կհիասթափեցնենք և կտապալենք թշնամու ծրագրերը»,- հայտարարել է նախագահը։

Փեզեշքիանը շեշտել է, որ ազգային միասնության և ներքին համախմբվածության պահպանումը երկրի հակառակորդներին դիմակայելու անհրաժեշտ պայման է։ Նա ընդգծել է, որ հասարակության մեջ հույս ձևավորելու և նրա կայունությունն ամրապնդելու համար անհրաժեշտ են միասնություն, համաձայնություն և փոխըմբռնում բոլոր քաղաքացիների միջև։

Նախագահը նաև կոչ է արել ընդլայնելու բազմակողմ համագործակցությունը հարևան երկրների հետ։ Ըստ նրա՝ Իրանը բանակցություններ է վարում տարածաշրջանի պետությունների հետ՝ իր ընթացիկ կարիքների մի մասը բավարարելու համար։

Միևնույն ժամանակ Փեզեշքիանն ընդգծել է, որ պետական քաղաքականության հիմքում պետք է շարունակեն մնալ երկրի ներքին հնարավորությունները։

«Սակայն գլխավոր հարցը ներքին հնարավորությունների վրա հենվելն է, փոխըմբռնումն ու միմյանց հետ համագործակցությունը»,- հայտարարել է Իրանի նախագահը։

  • Կիսվել: