Ադրբեջանի ամենահզոր զենքը Նիկոլ Փաշինյանն է. Աննա Գրիգորյան
Ադրբեջանին պետք չէ բանակ, պետք չէ ռազմական ռազմավարություն. նրա ամենահզոր զենքը Հայաստանի գլխին գտնվող Նիկոլ Փաշինյանն է: Այս մասին այսօր Հրազդանի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ասաց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Աննա Գրիգորյանը։
Հիշեցնելով վերջերս տեղի ունեցած բանավեճը, որի ժամանակ ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանը վստահեցնում էր, թե Գորիս-Կապան ճանապարհն Ադրբեջանին է հանձնվել հայկական կողմի նախաձեռնությամբ՝ Գրիգորյանը նշեց, որ այսուհետ ցանկացած զիջում իշխանությունները հայտարարելու են «մեր կամքով», նույն կերպ վարվելու են Սահմանադրության, Տիգրանաշենի և մնացած ամեն ինչի հետ։
«Մենք պետք է չեզոքացնենք այդ զենքը հունիսի 7-ի ընտրություններում»,-ասաց պատգամավորը և հավելեց. «Իշխանությունները խոսում են խաղաղության մասին։ Տեսե՞լ եք այն կադրերը, երբ Նիկոլը փորձում է երկինք բաց թողնել աղավնուն։ Շատ խորհրդանշական է։ Ճիշտ այդպիսի խաղաղություն է Փաշինյանը բերում Հայաստանին։ Նրանք խոսում են «եռագլուխ վիշապի» մասին։ Ալիև-Էրդողան-Նիկոլ Փաշինյան՝ սա է միակ եռագլուխ սուբյեկտը։ Ալիևին ու Էրդողանին հեռացնել չենք կարող, բայց այդ գլուխներից մեկին հաստատ կարող ենք հեռացնել քաղաքականությունից»:


