ուրբաթ, մայիս 16
16 / 5 / 2025
Վաշինգտոնը շատ մոտ է Իրանի հետ միջուկային համաձայնագրի կնքմանը. Թրամփ

Վաշինգտոնը շատ մոտ է Իրանի հետ միջուկային համաձայնագրի կնքմանը. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը շատ մոտ է Իրանի հետ միջուկային համաձայնագրի կնքմանը: Նրա խոսքով՝ Թեհրանը գրեթե համաձայնել է առաջարկվող պայմաններին։

Նա, մասնավորապես, ասել է. «Մենք շատ լուրջ բանակցություններ ենք վարում Իրանի հետ՝ հանուն երկարաժամկետ խաղաղության: Ես ցանկանում եմ, որ նրանք հաջողության հասնեն և հիանալի երկիր դառնան»:

Նշենք, որ ավելի վաղ Իրանի գերագույն հոգևոր առաջնորդի քաղաքական, ռազմական և միջուկային հարցերով խորհրդական Ալի Շամխանին հայտարարել էր, որ Թեհրանը պատրաստ է վերացնել բարձր հարստացված ուրանի պաշարները, որոնք կարելի է կիրառել միջուկային զենք արտադրելու նպատակով:

Նա նշել էր, որ Իրանը կարող է համաձայնել հարստացնել ուրանը ցածր մակարդակով՝ եթե Միացյալ Նահանգները անմիջապես չեղարկի բոլոր պատժամիջոցները։ Շամխանին ասել էր, որ իրանական կողմի պայմանները բավարարելու դեպքում Թեհրանը պատրաստ է արագ համաձայնագիր ստորագրել։

Պաշտոնյան նաև քննադատել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ ասելով, որ նա խոսում է խաղաղության մասին, բայց իրականում միայն փորձում է ճնշում գործադրել Իրանի վրա։

Բացի դրանից՝ Շամխանին շեշտել էր, որ եթե Վաշինգտոնն ազատվի Նեթանյահուի ազդեցությունից, ապա Թեհրանի հետ համաձայնությունն իրական կլինի։ 

  • Կիսվել: