Ջուլֆայի անցակետի և Արասի միջանցքի զարգացումը՝ Հայաստանի տարածքով Իրանի տարանցիկ փոխադրումների ամրապնդման քայլ
Իրանի հյուսիս-արևմուտքում գտնվող Ջուլֆայի սահմանային անցակետի բեռնատարների թողունակությունը ենթակառուցվածքային և կառավարման ծրագրերի իրականացման շնորհիվ կարող է հասնել օրական 500 բեռնատարի։ Այս հնարավորությունը, Արասի միջանցքը ավարտելու և Նորդուզի սահմանային անցակետը հզորացնելու հետ մեկտեղ, կարևոր դեր կխաղա դեպի Կովկաս և Եվրասիական շուկաներ Իրանի տարանցիկ փոխադրումների զարգացման գործում։
Ինչպես հաղորդում է ParsToday-ը՝ հղում անելով IRNA լրատվական գործակալությանը, Իրանի խորհրդարանում Թավրիզի, Ազարշահրի և Օսքուի պատգամավոր Ալիռեզա Նովինը, անդրադառնալով Ջուլֆայում բեռնատարների օրական երթևեկության աճին՝ 200-ից հասնելով ավելի քան 400-ի, նշել է, որ այս աճին նպաստել են առցանց հերթագրման համակարգի ներդրումը, տարանցիկ տերմինալի ստեղծումը և Ադրբեջանի հետ սահմանային համակարգումների իրականացումը։
Նա Արասի միջանցքի կառուցման ավարտը համարել է տարածաշրջանի շինարարական առաջնահերթություններից մեկը և հավելել, որ այդ երթուղու շահագործումը կմեծացնի Ջուլֆայի և Նորդուզի հնարավորությունները՝ դեպի Կովկասի երկրներ, Հայաստան և Եվրասիական տնտեսական միություն ապրանքների փոխադրման համար։ Նովինը նաև ընդգծել է սահմանային ենթակառուցվածքների զարգացման, կայանատեղիների կահավորման և վարորդներին մատուցվող ծառայությունների դյուրացման անհրաժեշտությունը։



