չորեքշաբթի, նոյեմբեր 25
25 / 11 / 2026
Աբովյան քաղաքում վրաերթի է ենթարկվել 14-ամյա հետիոտն․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար

Աբովյան քաղաքում վրաերթի է ենթարկվել 14-ամյա հետիոտն․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար

Երեկ՝ նոյեմբերի 24-ին, վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 23։30-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ 23-ամյա Արտյոմ Ն․-ն իր վարած «Hongqi» մակնիշի ավտոմեքենայով Աբովյան քաղաքի 4-րդ միկրոշրջան թաղամասի «Օրիգինալ» սուպերմարկետի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտն, Կոտայքի մարզի բնակիչ 14-ամյա Մելս Ֆ․-ին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը նախ տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն, ապա՝ Երևանի «Ուիգմոր» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ, օրվա պատասխանատու Վահագն Կարապետյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի գլխավորությամբ։

Դեպքի մասին ՊԾ Կոտայքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի տեղակալ Տիգրան Բաղյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Դեպքի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ՊԾ Կոտայքի մարզի գումարտակի պահպանվող հատուկ տարածք։

  • Կիսվել: