Վաշինգտոնը չի խորհրդակցում Պեկինի հետ Թայվանին զենք վաճառելու վերաբերյալ. Պետդեպարտամենտ
Միացյալ Նահանգները չի խորհրդակցում Չինաստանի հետ Թայվանին զենք վաճառելու վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Սենատի հատկացումների հանձնաժողովի լսումների ժամանակ։
«Մենք չենք խորհրդակցում Չինաստանի հետ այս վաճառքների վերաբերյալ։ Նրանք պարբերաբար բարձրացնում են այդ հարցը, բայց մենք՝ ոչ։ Մենք չենք խորհրդակցում նրանց հետ, և դա համապատասխանում է մեր վաղեմի քաղաքականությանը, որը չի փոխվել», – հայտարարել է Ռուբիոն՝ պատասխանելով Վաշինգտոնի կողմից Թայվանին 14 միլիարդ դոլարի զենքի հնարավոր վաճառքը կասեցնելու մասին հարցին։
«Մենք գիտենք նրանց դիրքորոշումը։ Նրանք անընդհատ խոսում են այդ մասին», – ընդգծել է ԱՄՆ պետքարտուղարը՝ հավելելով, որ Վաշինգտոնի և Պեկինի միջև Թայվանին զենք վաճառելու վերաբերյալ «որևէ բանակցություններ կամ խորհրդակցություններ» չկան։


