Թուրքիայում Ադրբեջանի դեսպանատան մոտ բողոքի ակցիա է անցկացվել Ադրբեջանում հիջաբի արգելքի դեմ
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումները Թուրքիայում ընդունվել են բողոքի ակցիաներով, հայտնում են թուրքական ԶԼՄ-ները:
Անկարայում և Ստամբուլում դիվանագիտական ներկայացուցչությունների առջև հավաքված հազարավոր մարդիկ իրենց բողոքն են արտահայտել Ալիևի իշխանության դեմ «Հիջաբը Ալլահի պատվիրանն է. այն չի կարելի արգելել» կարգախոսով և պահանջել դադարեցնել այդ պրակտիկան։
Քաղաքացիները, ովքեր իրենց բողոքն են արտահայտել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմ, հավաքվել են Անկարայում և Ստամբուլում։ Ադրբեջանի դիվանագիտական ներկայացուցչությունների առջև կազմակերպված ակցիաների ընթացքում ընդգծվել է, որ հիջաբը կրոնական պարտականություն է, և կոչ է արվել դադարեցնել այդ պրակտիկան։
Ակցիաների ընթացքում նշվել է, որ հիջաբ կրող աշակերտուհիների կրթության իրավունքը չպետք է սահմանափակվի, ընդ որում՝ առաջին պլան է մղվել դժգոհությունը ադրբեջանական իշխանություններից։
Միևնույն ժամանակ, Ստամբուլում Ադրբեջանի գլխավոր հյուպատոսության առջև ընթացող բողոքի ակցիաների պատճառով անվտանգության ուժեղացված միջոցառումներ են ձեռնարկվել։ Գլխավոր հյուպատոսության մուտքը փակվել է ոստիկանական մեքենաներով։
Հիշեցնենք, որ Ադրբեջանում հանրակրթական դպրոցներում արգելվել է աշակերտուհիների մուտքը դասերին գլխաշորով (հիջաբով), ինչը հանգեցրել է զանգվածային բողոքի ակցիաների, դասադուլների և ոստիկանության հետ բախումների:



