Լավրովն ու Շոյգուն Թուրքիա են գնում
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը եւ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հունիսի 14-ին կայցելեն Թուրքիա՝ տարածաշրջանային խնդիրների շուրջ խորհրդակցություններ անցկացնելու համար, հայտնել են ՌԴ ԱԳՆ-ից, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
Նախարարության հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է. «ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջեւ ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն, Ռուսաստանի արտաքին գործերի եւ պաշտպանության նախարարներ Լավրովն ու Շոյգուն հունիսի 14-ին կժամանեն Թուրքիա՝ գլխավորելով ռուսական միջգերատեսչական պատվիրակությունը՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային խնդիրների շուրջ խորհրդակցություններ անցկացնելու համար»:
Հիշեցնենք, որ հունիսի 10-ին Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահները հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում նրանք քննարկել են Սիրիայում եւ Լիբիայում կարգավորումը, ինչպես նաեւ երկկողմ համագործակցության վերականգնումը` աշխարհում համաճարակաբանական իրավիճակի բարելավման պայմաններում: