«Խաթամ ալ-Անբիա»-ն սպառնում է ավելի խիստ պատասխան տալ, եթե ԱՄՆ-ն կրկին հարվածներ հասցնի
«Խաթամ ալ-Անբիա» կենտրոնական շտաբի հրամանատարը հայտարարել է, որ Իրանի դեմ ԱՄՆ-ի կրկնակի ռազմական հարվածների դեպքում հակամարտությունը կարող է դուրս գալ տարածաշրջանի սահմաններից և դառնալ ավելի մասշտաբային՝ ազդելով միջազգային անվտանգության և համաշխարհային տնտեսության վրա: Այս մասին տեղեկացնում է իրանական Tasnim-ը։
Ըստ հրամանատարի՝ ԱՄՆ-ն մի կողմից խոսում է բանակցությունների և հնարավոր համաձայնագրերի մասին, իսկ մյուս կողմից շարունակում է «գործողություններ, որոնք նա անվանել է թշնամական», ինչը, ըստ նրա պնդման, տարածաշրջանում անկայունության հիմնական պատճառն է և սպառնալիք միջազգային առևտրի համար՝ հատկապես Հորմուզի նեղուցի շրջանում։
«Նախազգուշացնում ենք. եթե ԱՄՆ-ը նորից հարվածներ հասցնի Իրանին, նրանք կստանան ավելի խիստ պատասխան, քան նախկինում, իսկ պատերազմի կրակը ոչ միայն կուժեղացնի անկայունությունը տարածաշրջանում, այլև կտարածվի ավելի լայնորեն»,- նշել է շտաբի հրամանատարը։
Նա հայտարարել է նաև, որ ամերիկյան ղեկավարությունը, իր կարծիքով, սխալ է հասկանում իրանական հասարակությունն ու զինված ուժերը, իսկ ԱՄՆ տեղեկատվական արշավն ի վիճակի չէ թաքցնել, ինչպես ինքն է արտահայտվել, «ձախողումներն ու պարտությունները»։
Հրամանատարը հատկապես շեշտել է, որ իրանական նավթային ենթակառուցվածքների հասցեին հնչող սպառնալիքների ֆոնին գործում է հետևյալ սկզբունքը. կա՛մ նավթի և գազի արտահանումն իրականացվում է բոլոր կողմերից՝ առանց սահմանափակումների, կա՛մ այն հնարավոր չի լինի ոչ մեկի համար։
Աղբյուրը նկատում է, որ հայտարարությունը հնչել է Իրանի և ԱՄՆ-ի միջև շարունակվող լարվածության և տարածաշրջանում հակամարտության հնարավոր էսկալացիայի մասին փոխադարձ նախազգուշացումների համատեքստում:



