Կացության գործերի կառավարման նոր հարթակն արդեն գործում է․ ինչպես գրանցվել և դիմում ներկայացնել
Նոյեմբերի 1-ից գործարկվել է կացության գործերի կառավարման նոր՝ mcs-permits.am էլեկտրոնային հարթակը, որի միջոցով այսուհետ հնարավոր է ներկայացնել նոր դիմումներ։ ՄՔԾ-ից տեղեկացնում են, որ նոր համակարգի գործարկմամբ պայմանավորված՝ workpermit.am հարթակով այլևս հնարավոր չէ նոր դիմումներ ներկայացնել։
Միևնույն ժամանակ, նախկին հարթակով արդեն ներկայացված դիմումների ընթացքին հետևելու հնարավորությունը պահպանվում է։ Փոփոխություն է նախատեսվել նաև ժամանակավոր կացության քարտերի և բնակության օրինականությունը հավաստող տեղեկանքների ժամկետի երկարաձգման կարգում։
Եթե նախկին հարթակում նման հնարավորություն կար, ապա նոր՝ mcs-permits.am հարթակում մինչև գործող քարտի ժամկետի ավարտը հնարավոր է ներկայացնել միայն «Նոր դիմում»։
Ովքեր և ինչպես կարող են գրանցվել նոր հարթակում
Նոր դիմում ներկայացնելու համար անհրաժեշտ է մուտք գործել mcs-permits.am և գրանցվել երկու տարբերակներից մեկով։
Խիստ նույնականացմամբ կարող են գրանցվել՝ ՀՀ քաղաքացիները,
իրավաբանական անձանց տնօրենները,
ՀՀ-ում կացության կարգավիճակ ունեցող օտարերկրյա քաղաքացիները։
Հարցաթերթիկ-դիմումի լրացման միջոցով անհատական դիմում կարող են ներկայացնել՝
աշխատանքային պայմանագիր ունեցող՝ ֆիզիկական անձ հանդիսացող ԵԱՏՄ քաղաքացիները,
օտարերկրյա անհատ ձեռնարկատերերը,
ազգությամբ հայ օտարերկրյա քաղաքացիները։
Գրանցումն ավարտելուց հետո անհրաժեշտ է սեղմել համակարգի «Մուտք» կոճակը և մուտք գործել անձնական օգտահաշիվ։
Նոր հարթակը նախատեսված է կացության գործերի կառավարման և համապատասխան դիմումների ներկայացման գործընթացը թվային եղանակով իրականացնելու համար։



