Իսրայելն ընդունել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացի ծրագիրը, իսկ ՀԱՄԱՍ-ը՝ ոչ. իսրայելական կողմ
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հրաժարվել Է Գազայի հատվածում հրադադարի վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկից, մինչդեռ իսրայելական կողմը համաձայն է այդ ծրագրին: Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետի գրասենյակը, տեղեկացնում է The Jerusalem Post-ը:
Գրասենյակի հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է. «Իսրայելն ընդունել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆի նորացված ծրագիրը, որն ուղղված է մեր պատանդների ազատ արձակմանը, սակայն ՀԱՄԱՍ-ը նախկինի պես հավատարիմ է մերժման իր դիրքորոշմանը։ Ինչպես նշել Է Մերձավոր Արևելքում ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը, ՀԱՄԱՍ-ի պատասխանն անընդունելի է և գործընթացը հետ է մղում»:
Հաղորդվում է նաև, որ Իսրայելը կշարունակի բոլոր ջանքերը գործադրել իր պատանդներին վերադարձնելու և ՀԱՄԱՍ-ի նկատմամբ լիակատար հաղթանակի հասնելու համար:
Նշենք, որ ավելի վաղ Շարժումը միջնորդներին էր փոխանցել Գազայի հատվածում հրադադարի վերաբերյալ Ուիթքոֆի առաջարկին իր պատասխանը:
ՀԱՄԱՍ-ի հայտարարության մեջ էլ ասված է, որ ապագա համաձայնագրի շրջանակներում շարժումը պատրաստ է ազատ արձակել 10 իսրայելացի պատանդների և հանձնել 18 զոհվածների մարմինները ՝ պաղեստինցի բանտարկյալների համաձայնեցված թվի Իսրայելի բանտերից դուրս գալու դիմաց:
ՀԱՄԱՍ-ը նաև պահանջել է մշտական հիմունքներով դադարեցնել կրակը Գազայում և դուրս բերել իսրայելական զորքերն ու ապահովել այնտեղ մարդասիրական օգնության մատակարարումը: