ՀԱՄԱՍ-ը օգնություն է խնդրել արաբական ու իսլամական երկրների ղեկավարներից
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը կոչ է արել արաբական և իսլամական աշխարհի առաջնորդներին շաբաթ օրը Էր-Ռիադում կայանալիք գագաթնաժողովների ժամանակ ընդունել «պատմական որոշում»՝ օգնելու դադարեցնել Իսրայելի ագրեսիան Գազայի հատվածում, ասվում է կազմակերպության հայտարարության մեջ:
Իսրայելի ռազմական գործողությունները դադարեցնելու համար ՀԱՄԱՍ-ը կոչ է արել պետությունների ղեկավարներին օգտագործել «իրենց բոլոր հնարավորությունները ճնշում գործադրելու ԱՄՆ վարչակազմի վրա, որն ուղղակի պատասխանատվություն է կրում Գազայի հատվածում ցեղասպան պատերազմի համար»:
Շաբաթ օրը Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր-Ռիադում Արաբական լիգայի և Իսլամական համագործակցության կազմակերպության առաջնորդների մասնակցությամբ տեղի կունենա երկու արտահերթ գագաթնաժողով՝ համակարգելու իրենց դիրքորոշումը և որոշումներ կայացնելու, որոնք կարող են դադարեցնել ռազմական գործողությունները Գազայի հատվածում: