Վրաստանում կստեղծվի տարածաշրջանային քաղաքականության հարցերով պետնախարարի պաշտոն
Վրաստանի կառավարությունը կստեղծի տարածաշրջանային քաղաքականության հարցերով պետական նախարարի պաշտոն, հայտարարել է «Վրացական երազանք»-ի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ Նշված պետնախարարի գործառույթը կիրականացնի փոխվարչապետ Մամուկա Մդինարաձեն, գրում է aliq.ge-ն:
«Վրաստանի կառավարության կառուցվածքում կստեղծվի տարածաշրջանային քաղաքականության հարցերով պետական նախարարի պաշտոն։ Նշված պաշտոնը կզբաղեցնի Մամուկա Մդինարաձեն` փոխվարչապետի պաշտոնի համատեղությամբ։ Տարածաշրջանային քաղաքականության հարցերով պետական նախարարը պատասխանատու կլինի տարածաշրջաններում կառավարման արդյունավետության ապահովման համար»,- ասել է Կոբախիձեն։
Կառավարության որոշմամբ՝ համապատասխանաբար կլուծարվի Տարածաշրջանային զարգացման նախարարությունը։
«Տարածաշրջանային քաղաքականության հարցերով պետական նախարարի ապարատի ներդրման պայմաններում ըստ էության իր նշանակությունը կորցնում է Տարածաշրջանային զարգացման նախարարությունը և, համապատասխանաբար, սեպտեմբերին կլուծարվի։ Տարածաշրջանային զարգացման գործող նախարար Կախա Գուլեդանին կզբաղեցնի ենթակառուցվածքների նախարարի առաջին տեղակալի պաշտոնը»,- ասել է նա։



