Բայրամովը Գերմանիայի նոր դեսպանին ներկայացրել է Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակը
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն ընդունել է Ադրբեջանում Գերմանիայի նորանշանակ դեսպան Դիրկ Լյոլկեին։
Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ կողմերը քննարկել են ադրբեջանագերմանական հարաբերությունների ներկա վիճակն ու զարգացման հեռանկարները, քաղաքական երկխոսության, առևտրատնտեսական կապերի, ինչպես նաև էներգետիկայի, արդյունաբերության, տրանսպորտի, հումանիտար և մշակութային ոլորտներում համագործակցության հարցերը։
Ընդգծվել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին այցը Գերմանիա հիմք է դրել երկկողմ գործընկերության նոր փուլին։ Նշվել է նաև երկկողմ ռազմավարական գործընկերության օրակարգի վերաբերյալ համատեղ հռչակագրի, ադրբեջանագերմանական գործարար խորհրդի ստեղծման, համագործակցության հետագա խորացման և բարձր մակարդակի շփումների շարունակման կարևորությունը։
Քննարկվել է փոխադարձ հարգանքի և վստահության վրա հիմնված համագործակցության խորացման առկա ներուժը, ինչպես նաև տեղի է ունեցել մտքերի փոխանակում տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցերի շուրջ։
Հաղորդվում է նաև, որ Ջեյհուն Բայրամովը Դիրկ Լյոլկեին տեղեկացրել է Հարավային Կովկասում հետպատերազմյան իրավիճակի, Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի և կայուն խաղաղության ապահովման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի մասին։



