ուրբաթ, մայիս 30
30 / 5 / 2025
Ալիևը ԱՄՆ սենատորի հետ հանդիպմանը բարձր է գնահատել Թրամփի նամակը

Ալիևը ԱՄՆ սենատորի հետ հանդիպմանը բարձր է գնահատել Թրամփի նամակը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ, սենատոր Սթիվ Դեյնսին, որը ներկայացնում է Մոնտանա նահանգը։

Ըստ ադրբեջանական կողմի տարածած հաղորագրության՝ Ալիևը բարձր է գնահատել Ադրբեջանի Անկախության օրվա կապակցությամբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ուղարկված շնորհավորական նամակը։

Ադրբեջանի նախագահը նաև երախտագիտություն է հայտնել Դոնալդ Թրամփի կողմից իր առաջին նախագահության ընթացքում Ադրբեջանի հետ հարաբերությունների զարգացմանը ցուցաբերած ուշադրության համար։

Նշվում է նաև, որ Բաքու այցի ընթացքում ամերիկացի սենատորը հանդիպել է Ադրբեջանում Իսրայելի դեսպան Ջորջ Դիքին։ Հանդիպմանը քննարկվել են իսրայելաադրբեջանական հարաբերությունների ներդրումը տարածաշրջանային խաղաղության գործում, ինչպես նաև ընդհանուր նպատակներն ու առաջնահերթությունները, որոնք կապված են ամերիկյան ժողովրդի շահերին համապատասխան լայն տնտեսական և անվտանգության գործընկերության շարունակման հետ։

Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատան հաղորդմամբ՝ Սթիվ Դեյնսը հանդիպելու է նաև Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովին և էկոնոմիկայի նախարար Միքայիլ Ջաբբարովին՝ քննարկելու ԱՄՆ-Ադրբեջան տնտեսական ամրապնդումն ու  տարածաշրջանում խաղաղության և անվտանգության առաջ մղումը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ադրբեջանի Անկախության օրվա կապակցությամբ շնորհավորական նամակում նշել էր, որ Վաշինգտոնը շարունակում է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև երկարատև խաղաղությանը, և որ «հիմա ժամանակն է հասնել խաղաղության»։

  • Կիսվել: