կիրակի, մայիս 18
18 / 5 / 2025
ԱՀԿ-ն նախազգուշացրել է աշնանը Եվրոպայում կորոնավիրուսից մահվան դեպքերի աճի մասին

ԱՀԿ-ն նախազգուշացրել է աշնանը Եվրոպայում կորոնավիրուսից մահվան դեպքերի աճի մասին

Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական տարածաշրջանի տնօրեն Հանս Կլյուգեն նախազգուշացրել է, որ հոկտեմբերին և նոյեմբերին Եվրոպայում կորոնավիրուսով պայմանավորված մահվան դեպքերի թիվը կաճի։ Այս մասին հաղորդում է The Guardian պարբերականը։

Վերջին մի քանի շաբաթների ընթացքում Եվրոպայում կորոնավիրուսի նոր դեպքերի թիվը մեծապես աճել է։ Ամենամեծ աճն արձանագրվել է Իսպանիայում և Ֆրանսիայում։ Ֆրանսիական Բորդո և Մարսել քաղաքները խստացրել են կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումները։

Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Անգլիայում արգելվել են 6-ից ավելի մարդկանց հավաքները, սակայն այս սահմանափակումը չի վերաբերի դպրոցներին, աշխատավայրերին, հուղարկավորություններին, սպորտային մարզումներին և հարսանիքներին։

Հիշեցնենք՝ սեպտեմբերի 14-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել էր, որ 24 ժամում աշխարհում արձանագրվել է կորոնավիրուսի 307,930 նոր դեպք, ինչը մեկօրյա ռեկորդային աճ է համավարակի սկզբից ի վեր։ Դեպքերի ամենամեծ աճը գրանցվել էր Հնդկաստանում, ԱՄՆ-ում և Բրազիլիայում, իսկ ընդհանուր առմամբ աշխարհում մինչև օրս արձանագրված կորոնավիրուսի 29 միլիոն դեպքերի կեսը բաժին է ընկնում Ամերիկա աշխարհամասին։

  • Կիսվել: