ուրբաթ, սեպտեմբեր 11
11 / 9 / 2026
Քննարկվել են կիբեռանվտանգության ոլորտի զարգացման ծրագրերը

Քննարկվել են կիբեռանվտանգության ոլորտի զարգացման ծրագրերը

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարի տեղակալ Տաթև Ասլանյանն ընդունել է GIZ-ի հայաստանյան գրասենյակի տնօրեն դոկտոր Սոնյա Կուրցի գլխավորած պատվիրակությանը և ԵՄ պատվիրակության ծրագրերի պատասխանատու Իվան Սուսներին: Այս մասին հայտնում է նախարարությունը։
 
Հանդիպման ընթացքում ներկայացվել են Գերմանիայի արտաքին գործերի նախարարության պատվիրակմամբ և Եվրոպական միության համաֆինանսավորմամբ GIZ-ի կողմից իրականացվող «Համագործակցություն հանուն կիբեռանվտանգության ամրապնդման» ծրագրի նպատակները, հիմնական ուղղություններն ու ընթացիկ աշխատանքները:
 
Կողմերը քննարկել են ծրագրի գործունեությունը ՀՀ կառավարության և նախարարության առաջնահերթություններին համապատասխանեցնելու, ոլորտի ընթացիկ կարիքներն ու մարտահրավերները հասցեագրելու, ինչպես նաև հետագա համագործակցության հեռանկարները։
 
Անդրադառնալով կիբեռանվտանգության համակարգի զարգացմանը՝ կարևորվել են ինստիտուցիոնալ կարողությունների ամրապնդումը, ոլորտային քաղաքականության և կարգավորումների կատարելագործումը, տեխնիկական հնարավորությունների զարգացումը, ինչպես նաև միջազգային համագործակցության ընդլայնումը։
 
Ընդգծվել է, որ կիբեռանվտանգության ոլորտում կայուն կարողությունների ձևավորումը առանցքային նախապայման է Հայաստանի թվային փոխակերպման, թվային ծառայությունների նկատմամբ վստահության ամրապնդման և եվրոպական թվային ու կիբեռանվտանգության միջավայրին երկրի առավել սերտ ինտեգրման համար։
 
Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են նախարարության, եվրոպական գործընկերների և GIZ-ի միջև շարունակական համակարգման կարևորությունը՝ ծրագրային աջակցությունն առավել արդյունավետորեն Հայաստանի ընթացիկ կարիքներին և առաջնահերթություններին ծառայեցնելու նպատակով:

  • Կիսվել: