շաբաթ, հունիս 13
13 / 6 / 2026
Քննարկվել են Արենի գինու զբոսաշրջային կլաստերի ձևավորման ուղղությամբ իրականացվող աշխատանքները

Քննարկվել են Արենի գինու զբոսաշրջային կլաստերի ձևավորման ուղղությամբ իրականացվող աշխատանքները

Հուլիսի 24-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը աշխատանքային այցով եղել է Վայոց ձորի մարզի Արենի համայնքում։ Նրան ուղեկցել են ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը, Վայոց ձորի մարզպետի տեղակալ Արսեն Խաչատրյանը և Արենի համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանը։ Այս մասին տեղեկացնում են Էկոնոմիկայի նախարարությունից:
 
Նախարարը հանդիպել է համայնքի ավագանու անդամների և վարչական շրջանների ղեկավարների հետ։
 
Քննարկվել են Արենի գինու զբոսաշրջային կլաստերի ձևավորման ուղղությամբ իրականացվող աշխատանքներն ու համայնքի զարգացման հետագա քայլերը։
 
Արենիի գինու զբոսաշրջային կլաստերը մեկն է այն յոթ կլաստերից, որոնք ստեղծվելու են ՀՀ կառավարության ներդրումներով։
 
Ծրագիրը նպատակ ունի խթանել գինու, առողջարանային, արկածային, մշակութային, կրթական և էկոզբոսաշրջության զարգացումը՝ նպաստելով մարզերի տնտեսական ակտիվության բարձրացմանը։
Նախարար Պապոյանը նշել է, որ Արենին զբոսաշրջային հիմնական ուղղություններից է, որն առանձնանում է իր ռազմավարական աշխարհագրական դիրքով, հարուստ մշակութային ժառանգությամբ և եզակի բնական լանդշաֆտով։
 
«Արենին տարեկան հյուրընկալում է ավելի քան 500,000 այցելու։ 6000-ամյա գինու արտադրամասի հայտնաբերումն այն դարձրել է գինու զբոսաշրջության խորհրդանիշ՝ միջազգային հետաքրքրությունը մեր երկրի նկատմամբ ավելի ուժեղացնելով։ Կլաստերի զարգացման նպատակով նախատեսվում է հատկացնել լրացուցիչ 12 մլն դոլար, ինչը զգալիորեն կխորացնի համայնքի ներուժը՝ Արենին դարձնելով էկո և գաստրո տուրիզմի սիրահարների համար առավել գրավիչ ուղղություն»,- ընդգծել է նախարարը։
 
Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է ավելի քան 120 մլն եվրո։
 
Նախարարը պատասխանել է ներկաների հարցերին, անդրադարձել նրանց հնչեցրած խնդիրներին ու առաջարկներին՝ շեշտելով, որ համայնքների զարգացման գործում հատկապես կարևոր է տեղական իշխանությունների ու համայնքի բնակիչների մասնակցությունն ու նախաձեռնողականությունը։

  • Կիսվել: