Մեր զարգացման տեսլականով Հայաստանի ու Վրաստանի շահերը համընկնում են. Արայիկ Հարությունյան
Հայաստանի և Վրաստանի միջև ռազմավարական գործընկերության հռչակագիրը ստորագրվել է երկու երկրների իշխող ուժերի և կառավարությունների միջև շատ սերտ համագործակցության պայմաններում, և այդ փաստաթղթի ստորագրումը նաև արձանագրում է երկու ժողովուրդների անցած ճանապարհն ու զարգացումները, ինչպես նաև խոսում է փոխվստահության մասին։
Այդ կարծիքը հայ-վրացական համաժողովում հայտնեց ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։
«Մեզ համար շատ կարևոր է նմանատիպ քննարկումների անցկացումը, որովհետև թվում է թե մենք հազարամյակներով շփվել ենք միմյանց հետ, բայցևայնպես միմյանցից դարձյալ սովորելու, միմյանց մասին իմանալու շատ բան կա։ Մեր հարաբերությունները զարգացման առումով այլ մակարդակի վրա են բարձրացել։ Որպես Հայաստան-Վրաստան միջպետական կառավարական հանձնաժողովի վերջին տարիների գրեթե բոլոր նիստերին մասնակցած պաշտոնյա՝ պետք է ասեմ, որ դա գալիս է փոխվստահության այն բարձր մակարդակից, որ կա այսօր երկու երկրների ղեկավարությունների ու կառավարող ուժերի միջև»,- ասաց Հարությունյանը։
Նրա կարծիքով՝ չկան այդպիսի երկրներ, որոնց ղեկավարների միջև ավելի ինտենսիվ են նաև անձնական շփումները, ինչպիսիք կան Հայաստանի ու Վրաստանի պարագայում։ Յուրաքանչյուր քննարկում տեղի է ունենում անմիջական մթնոլորտում, և քննարկվում են հնարավոր բոլոր հարցերը։
«Իհարկե, չեմ կարող ասել, որ մեզ հաջողվում է լուծել բոլոր հարցերը, բայց առնվազն քննարկումները և հարցերի կարգավորումները տեղի են ունենում շատ գործընկերային միջավայրում։ Մենք անընդհատ Վրաստանի մեր գործընկերների հետ շփվելիս արձանագրում ենք, որ դարեր շարունակ մեր երկրների ու ժողովուրդների միջև լուրջ կոնֆլիկտներ չեն եղել, պատմության ընթացքում եղել են առանձին դրվագներ, երբ սահմանային որոշակի լարվածություն է եղել, սակայն դրանք չեն վերածավել մեծ հակամարտությունների, ինչն աննախադեպ երևույթ է»,- ասաց Հարությունյանը։
Նրա դիտարկմամբ՝ տնտեսական համագործակցության առումով Վրաստանը Հայաստանի համար դեպի Սև ծով, դեպի հյուսիս տանող ճանապարհին կարևոր հանգույց է, ուստի հայկական կողմը համագործակցում է նաև այդ ուղղությամբ իր գործընկերոջ հետ՝ փորձելով զարգացնել հարաբերությունները առևտրի, էներգետիկայի, տրանսպորտային հաղորդակցության բնագավառներում և, իհարկե, զբոսաշրջության ոլորտում։ Երկկողմ առևտրի առումով նախորդ երկու տարիներին հաջողվել է հաղթահարել մեկ միլիարդ դոլարի չափով ապրանքաշրջանառության շեմը։ Իհարկե, Վրաստանը կարևոր հանգույց է նաև այլ ճանապարհների համար, ուստի հայկական կողմը համագործակցում է այդ հանգույցից օգտվելու և առևտրաշրջանառությունը նաև այլ երկրների հետ մեծացնելու նպատակով։ Հարությունյանը հիշեցրեց, որ Թուրքիայի հետ Հայաստանի անուղղակի առևտուրը տեղի է ունենում հենց Վրաստանի միջոցով՝ Հայաստանի և Թուրքիայի սահմանի փակ լինելու պատճառով։
«Երբ 2018-19 թվականներին ԿԳՄՍ նախարարն էի, մենք սկսեցինք իրականացնել ծրագրեր, ինչի արդյունքում մեր երիտասարդներն ավելի շատ շփումներ կունենան, որովհետև նրանք իրականում միմյանց մասին ունեն քիչ տեղեկատվություն, և եթե անցկացնենք սոցիոլոգիական հարցումներ, ապա կպարզվի, որ նրանք նաև միմյանց լավ չեն ճանաչում։ Սա խնդիր է, որը երկու երկրների կառավարությունները պետք է լուծեն։ Թվում է, թե սա իր մեջ մեծ պրոբլեմատիկա չի պարունակում, սակայն իրականում լուծման ենթակա խնդիր է»,- հավելեց ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարը։
Նրա պնդմամբ՝ Վրաստանը Հայաստանի համար կարևոր գործընկեր է նաև տարածաշրջանային խաղաղության հաստատման առումով։ Վրաստանի գործընկերները մի քանի անգամ հանդես են եկել կարևոր նախաձեռնությամբ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև կոնֆլիկտի հաղթահարմանը նպաստելու առումով։ Երկու ամիս առաջ երեք երկրների փոխարտգործնախարարները հանդիպեցին Թբիլիսիում՝ քննարկելու տարածաշրջանային հարցեր, ուստի հայկական կողմը շատ է գնահատում Վրաստանի ջանքերը։
«Մեր զարգացման տեսլականով Հայաստանի ու Վրաստանի շահերը համընկնում են, ու այն չափորոշիչները, որոնք Վրաստանի իշխանություններն են աշխատում հաստատել Վրաստանում, դրանք նաև մեր առաջնահերթություններից են։ Նույն «Խաղաղության խաչմերուկի» առումով ՀՀ վարչապետի առաջ քաշած նախաձեռնության շահառու է ոչ միայն Հայաստանը, այլև տարածաշրջանի երկրներից յուրաքանչյուրը, այդ թվում՝ մեր գործընկեր Վրաստանը։ Այդ ուղղությամբ ունենք բավականին անելիքներ և մեծ ներուժ»,- եզրափակեց Հարությունյանը։