ուրբաթ, հունիս 20
20 / 6 / 2025
Մեղրիի անցակետում ավտոմեքենաների կուտակումը պայմանավորված չէ ներկայիս պատերազմական իրավիճակով․ ԻԻՀ գլխավոր հյուպատոս

Մեղրիի անցակետում ավտոմեքենաների կուտակումը պայմանավորված չէ ներկայիս պատերազմական իրավիճակով․ ԻԻՀ գլխավոր հյուպատոս

Մեղրիի անցակետում ավտոմեքենաների կուտակումը պայմանավորված չէ ներկայիս պատերազմական իրավիճակով: Պատճառը Հայաստանի և Իրանի միջև սահմանային անցակետերում տարածքի և կանգառների չափն է, որի ընդլայնման ուղղությամբ հիմա աշխատանքներ են իրականացվում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Կապանում ԻԻՀ գլխավոր հյուպատոս Մորթեզա Աբեդինը:

«Երկու երկրների սահմանային անցակետում տարածքի և կանգառների սահմանափակման խնդիր կա: Հենց այդ նպատակով անցակետերի բարեկարգման և ընդլայնման աշխատանքներ են ընթանում: Այս պահին իրանական անցակետում ավելի քան 500 հայկական բեռնատարներ սպասում են բեռ բարձելուն, որպեսզի մուտք գործեն Հայաստան: Այս քանակի մեքենաները մեծ խցանումների պատճառ են դարձել և, նույնիսկ, փակել են գլխավոր մայրուղին»,- նշել է իրանցի դիվանագետը:

Մորթեզա Աբեդինը ընդգծել է, որ խնդիրը որևէ առնչություն չունի ներկայիս պատերազմական իրավիճակի հետ:

«Հայ վարորդները անցնում են իրանական կողմ, կայանում իրենց մեքենաները և վերադառնում  Մեղրի կամ Ագարակ՝ իրենց տները: Այս խնդիրը երկար ժամանակ քննարկվում է հայկական կողմի հետ: Շատ հնարավոր է՝ իրանական կանգառում որևէ դեպք պատահի. բազմիցս են դեպքեր եղել: Շատ հաճախ մեծ դժվարությամբ է հաջողվում գտնել բեռնատարների վարորդներին և խնդրին արագ լուծում տալ: 

Իրանական կողմի առաջարկն է՝ մեքենաների կուտակումների ժամանակ հայկական բեռնատարները Իրանի անցակետ չհասնեն և մնան հայկական կանգառում, թեպետ հայկական անցակետն էլ կայանատեղիի և ընդունելության սահմանափակումներ ունի. օրական առավելագույնը 100-120 հայկական բեռնատար է կարողանում  ընդունել:

Հայաստանի անցակետի աշխատակիցները մի քանի օր առաջ այցելեցին իրանական անցակետ, մոտիկից ծանոթացան խնդիրներին, կանգառի տարողությանը: Իրանական կողմը այս դեպքում առաջարկում է, որ հայկական բեռնատարներն առաջիկա օրերին ժամանակավոր մուտք չգործեն Իրան, սպասեն մինչև մեքենաների հոսքը թեթևանա: Երբ հայկական բեռնատարների կայանատեղին համեմատաբար դատարկվի, այդ ժամանակ էլ հայկական անցակետի թողունակությանը համապատասխան որոշակի քանակով մեքենաներ բաց կթողնեն դեպի Իրան:

Սա երկու առավելություն ունի. նախ՝ հայկական բեռնատարները անտեղի չեն սպասի իրանական կանգառում և խնդիրներ չեն ունենա: Երկրորդ՝ մուտք գործելիս նույն օրը կբարձեն իրենց բեռը և հաջորդ օրը դուրս կգան կայանատեղիից: Սա կարճ- համառոտ բացատրություն է մեր երկկողմանի հանդիպումների արդյունքից: Մեր նպատակն է երկկողմանի անցակետերում բեռների առավելագույն արտահանում և ներմուծում իրականացնել, ինչպես նաև վարորդների համար հարմարավետ միջավայր ստեղծել: Այս պահին Հայաստանի և Իրանի անցակետերում լայնածավալ  շինարարություն է ընթանում և դա նաև բացասաբար անդրադառնում բեռների տեղափոխման գործընթացի վրա»,- նշել է ԻԻՀ հյուպատոսը:

  • Կիսվել: