ուրբաթ, հունիս 20
20 / 6 / 2025
Ժաննա Անդրեասյանը հետևել է «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի ընթացքին

Ժաննա Անդրեասյանը հետևել է «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի ընթացքին

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ու նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը Սպորտի կառավարման կենտրոնի «Միկա» մարզահամալիրում հետևել են ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի փլեյ-օֆֆ փուլի ընթացքին:

Նրանք ներկա են եղել 5-6-րդ դասարանների՝ Չարենցավանի թիվ 4 հիմնական դպրոցի և Կապանի թիվ 13 հիմնական դպրոցի թիմերի միջև 1/8 եզրափակչի հանդիպմանը, որում կապանցի դպրոցականները լարված պայքարում 18:17 հաշվով դժվարին հաղթանակ են տարել և դուրս եկել հաջորդ փուլ:

Նախարարը նաև հանդիպել է մրցաշարի մասնակից թիմերի ներկայացուցիչների հետ, հաջողություն մաղթել նրանց առաջիկա հանդիպումներում:

«Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի գլխավոր մրցավար Դրաստամատ Մուրադյանի խոսքով՝ թե՛ Երևանի, և թե՛ ՀՀ մարզերի դպրոցականների շրջանում բավական մեծ է եղել հետաքրքրությունն առաջին անգամ անցկացվող այս մրցաշարի հանդեպ: Մարզական խաղերի համայնքային փուլերին երկու տարիքային խմբերում ավելի քան 8000 դպրոցական է մասնակցել:

«Բասկետբոլի մասսայականացման ու տարածման տեսանկյունից նմանօրինակ մրցաշարի անցկացման գաղափարը շատ ողջունելի է, քանի որ ներգրավված են հարյուրավոր դպրոցներ ամբողջ հանրապետությունից: Եզրափակիչ փուլ հասած թիմերը, իսկապես, լավագույններն էին, որոնք հայտնի են դարձել օբյեկտիվ մրցակցության պայմաններում: Այս երեք օրերի արդյունքներով, միանշանակ, կարելի է ասել՝ դիտարժանությունն ապահովված է: Վստահ եմ՝ կիսաեզրափակիչ ու եզրափակիչ հանդիպումներն անցնելու են առավել դիտարժան ու հետաքրքիր պայքարում»,- ասում է Դրաստամատ Մուրադյանը՝ փաստելով, որ մրցաշարը, իսկապես, ստացվել է:

«Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերն անցկացվում են դպրոցականների շրջանում բասկետբոլի մասսայականացման, առողջ ապրելակերպի քարոզչության, տաղանդավոր ու հեռանկարային մարզիկների հայտնաբերման նպատակով: Խաղերի գլխավոր մրցավար Դրաստամատ Մուրադյանի խոսքով՝ մրցաշարի ընթացքում արդեն իսկ աչքի են ընկել մի շարք դպրոցականներ, որոնք չեն զբաղվում բասկետբոլով, բայց ունեն համապատասխան տվյալներ:

«Հատկապես Սյունիքի մարզի 5-6-րդ դասարանների երեխաները շատ դրական տպավորություն են թողնում: Հայաստանի առաջնություններում նրանք ներկայացված չեն, բայց շատ տաղանդավոր երեխաներ կան, որոնք, հուսով եմ, կսկսեն լրջորեն զբաղվել բասկետբոլով»,- ասում է Դրաստամատ Մուրադյանը:

Նրա գնահատմամբ՝ առաջին տարում արձանագրված մասնակցության ցուցանիշը կարելի է դրական համարել։

Յուրաքանչյուր տարիքային խմբում պայքարի մեջ են մտել փլեյ-օֆֆ դուրս եկած 16-ական թիմեր։ 1/8 եզրափակչի արդյունքներով 8-ական թիմեր պայքարը կշարունակեն քառորդ եզրափակչում: Այսօր անցկացված մյուս հանդիպումներում գրանցվել են հետևյալ արդյունքները.

  • Եղեգնաձորի թիվ 2 հիմնական դպրոց - Երևանի թիվ 158 հիմնական դպրոց՝ 20:24
  • Արթիկի թիվ 1 հիմնական դպրոց - Երևանի թիվ 199 հիմնական դպրոց՝ 18:13
  • Եղվարդի թիվ 3 հիմնական դպրոց - Երևանի թիվ 171 հիմնական դպրոց՝ 22:19
  • Երևանի թիվ 174 հիմնական դպրոց - Երևանի թիվ 35 հիմնական դպրոց՝ 43:13

Քաջարանի թիվ 2  և Մասիսի թիվ 2 հիմնական դպրոցների թիմերի միջև խաղը չի կայացել, քանի որ Քաջարանի թիմը չի ներկայացել մրցմանը: Հաղթանակը շնորհվել է Մասիսի թիվ 2 հիմնական դպրոցի թիմին:

Հունիսի 20-ին կանցկացվեն 5-6-րդ և 7-9 դասարանների թիմերի միջև 1/4 եզրափակչի առաջին հանդիպումները՝

5-6-րդ դասարան՝

Ժամը 11:00 - 12:00՝ Կապանի թիվ 13 - Երևանի թիվ 174 հիմնական դպրոց

Ժամը 12:00 - 13:00՝ Երևանի թիվ 158 հիմնական դպրոց - Մասիսի թիվ 2 հիմնական դպրոց

7-9-րդ դասարան՝

Ժամը 13:00 - 14:00՝ Արթիկի թիվ 2 հիմնական դպրոց - Երևանի թիվ 2 հիմնական դպրոց
Ժամը 14:00 - 15:00՝ Վանաձորի թիվ 4 հիմնական դպրոց - Գորիսի թիվ 3 հիմնական դպրոց
Ժամը 15:00 - 16:00՝ Երևանի թիվ 51 հիմնական դպրոց - Քաջարանի թիվ 2 հիմնական դպրոց
Ժամը 16:00 - 17:00՝ Երևանի թիվ 187 հիմնական դպրոց - Երևանի թիվ 137 հիմնական դպրոց

«Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի եզրափակիչ և երրորդ տեղի հանդիպումները կանցկացվեն հունիսի 22-ին։ Բոլոր հանդիպումների մուտքն ազատ է:

Եզրափակիչ փուլում 1-ին, 2-րդ և 3-րդ տեղեր գրաված թիմերը կպարգևատրվեն ԿԳՄՍՆ հավաստագրով, գավաթով, մեդալով և դրամական պարգևով:

1-ին տեղ գրաված դպրոցը կպարգևատրվի 4,000,000 ՀՀ դրամով, 2-րդ տեղը՝ 2,500,000 ՀՀ դրամով, 3-րդ տեղը՝ 1,500,000 ՀՀ դրամով: Կպարգևատրվեն նաև դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցիչները՝ 1-ին տեղ՝ 700,000 ՀՀ դրամ, 2-րդ տեղ՝ 500,000 ՀՀ դրամ, 3-րդ տեղ 300,000 ՀՀ դրամ: Մրցաշարի հաղթող թիմերի աշակերտները կպարգևատրվեն դրամական մրցանակներով՝ 1-ին տեղ (9 աշակերտ)՝ 150,000-ական ՀՀ դրամ, 2-րդ տեղ (9 աշակերտ)՝ 100,000-ական ՀՀ դրամ, 3-րդ տեղ (9 աշակերտ)՝ 75,000-ական դրամ:

  • Կիսվել: