Կառավարությունը հավանություն տվեց ԵԱՏՄ մասին պայմանագրի փոփոխություններին. Ի՞նչ է այն նախատեսում
Կառավարությունն իր այսօրվա նիստում հավանություն տվեց «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրում փոփոխություններ կատարելու արձանագրության ստորագրմանը:
Նշենք, որ այս արձանագրության նախագիծը հավանության է արժանացել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2024 թվականի հոկտեմբերի 18-ի կարգադրությամբ:
Արձանագրության հիմնական նպատակն է «ԵԱՏՄ մասին» պայմանագրում կատարել փոփոխություններ,որոնք ուղղված են իրավակիրառ պրակտիկայի ընթացքում իրավական կարգավորման ոլորտում ի հայտ եկած բացերի վերացմանը, պայմանագրում կիրառվող տերմինաբանության միատեսակության ապահովմանը, ինչպես նաև Պայմանագրի գործող դրույթների ճշգրտմանը։
Իրավական կարգավորման ոլորտում բացերի վերացմանն ուղղված ճշգրտումներ են կատարվում հիմնականում այն բաժիններում, որոնք վերաբերում են ներքին շուկայի գործունեությանը, ներմուծման մաքսատուրքերի գումարները հաշվեգրելուն և բաշխելուն, չափման միասնության ապահովմանը, ներդրումներին, մրցակցությանը, էլեկտրաէներգետիկային, պետական գնումներին և այլն։
Արձանագրության նախագծով Եվրասիական տնտեսական հանձնաժողովին ընձեռվում է մի շարք այլ լիազորություններ, մասնավորապես` Միության ներքին շուկայում խոչընդոտների որակավորման, ինչպես նաև արգելքներն ու սահմանափակումները վերացված ճանաչելու մեթոդաբանության հաստատման մասով։
Արձանագրությամբ նախատեսվում է Պայմանագիրը լրացնել 1041հոդվածով՝ Հայաստանի համար սահմանելով Պայմանագրի թիվ 25 հավելվածի («Գնումների կարգավորման կարգի մասին» արձանագրություն) 29-րդ հոդվածի կիրարկման անցումային պայմաններ։