ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Ի՞նչ փուլում է Գյումրի-Կարս երկաթուղու հնարավոր գործարկման գործընթացը

Ի՞նչ փուլում է Գյումրի-Կարս երկաթուղու հնարավոր գործարկման գործընթացը

Գյումրի-Կարս եկաթուղու տեխնիկական կարիքները գնահատելու համար Հայաստանի և Թուրքիայի շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչները հանդիպել են 2024թ. նոյեմբերին Հայաստան-Թուրքիա սահմանին: Այս մասին NEWS.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը՝ հավելելով, որ թեմայի շուրջ զարգացումների վերաբերյալ հանրությունը պատշաճ ժակետներում լրացուցիչ կտեղեկացվի:

Թեև նախարարությունից չեն հստակեցրել, թե ՀՀ պետական ո՞ր գերատեսչություններն են ներգրավված Գյումրի-Կարս երկաթուղու առկա վիճակն ու խնդիրներն ուսումնասիրելու աշխատանքներում, սակայն հաշվի առնելով, որ Կառավարությունը մեր գրավոր հարցումը վերահասցեագրել էր ՏԿԵՆ-ին, ըստ ամենայնի՝ գործընթացում ներգրավված է հենց այս նախարարությունը:

ՏԿԵՆ-ից տեղեկացրել են նաև, որ «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի շրջանակներում իրականացված նախական գնահատականների հիման վրա` Գյումրուց Թուրքիայի սահման երկաթգծի հատվածի վերանորոգումը կարժենա շուրջ 32,4 մլն ԱՄՆ դոլար:

Գերատեսչության պատասխանից հետևում է, որ Գյումրի-Կարս երկաթուղու հնարավոր գործարկման գործընթացում առայժմ տեսանելի առաջընթաց չկա:

Ավելի վաղ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտարարել էր, որ Հայաստանն ու Թուրքիան արդեն պայմանավորվել են համատեղ գնահատել Գյումրի-Կարս երկաթուղով սահմանի անցման տեխնիկական պահանջները, իսկ «Correio Braziliense» ամսագրին տված հարցազրույցում ԱԳ նախարարը հայտնել էր, որ հայ և թուրք փորձագետներն արդեն ուսումնասիրում են Գյումրի-Կարս երկաթուղու վիճակը։

  • Կիսվել: