Հյուսիս-հարավ ավտոմայրուղի, Վեդու ջրամբար և այլ ծրագրեր. Տիգրան Խաչատրյանի գրասենյակի 2023-ի հաշվետվությունը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանին է ներկայացվել է փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գրասենյակի 2023 թվականի գործունեության հաշվետվությունը:
Տիգրան Խաչատրյանը նախ զեկուցել է հաշվետու տարում նախարարական կոմիտեի նիստերի և միջգերատեսչական խմբերի գործունեության մասին, որոնց շրջանակում իրականացվել է միջգերատեսչական փոխգործակցություն ենթադրող գործընթացների համակարգում և օպերատիվ միջամտություն, առանձին ներդրումային ծրագրերի ընթացիկ աշխատանքների համակարգում:
Փոխվարչապետը ներկայացրել է նաև 2023-ին հումանիտար ճգնաժամի կառավարման՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդին հումանիտար աջակցություն ցուցաբերելու նպատակով աշխատանքային խմբի գործունեությունը և Հումանիտար կենտրոնի կողմից առաջնային արձագանքի կազմակերպչական աշխատանքները: Մասնավորապես՝ իրականացվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների հաշվառման և տեղավորման շուրջօրյա աջակցության կետեր` Կոռնիձորում, Գորիսում և Վայքում, տարածքային հումանիտար կենտրոնների ստեղծում մարզկենտրոններում և խոշորացված համայնքներում, սոցիալական աջակցության ծրագրերի մշակման և իրականացման միջգերատեսչական համակարգում: Իրականացվել են կայուն կենսապայմանների ապահովման հետ կապված աշխատանքներ, այսինքն՝ առաջնային սոցիալական աջակցության միջոցառումներ, կեցության աջակցություն, առողջապահական, կրթական և սոցիալական պաշտպանության մեխանիզմների հասանելիություն, զբաղվածության ապահովում, բնակարանային ապահովություն, զբաղվածության հնարավորություններ` բնակարանային ծրագրի շրջանակում նախընտրելի բնակավայրերում: Զեկուցվել է, որ 2024 թ. ապրիլ ամսվա տվյալներով՝ ՀՀ-ում աշխատանքի է անցել ԼՂ-ից բռնի տեղահանված 16 հազար 300 անձ, 1065 անձ էլ ունի գործող ա/ձ կամ գրանցված է որպես ընկերության հիմնադիր/մասնակից:
Միջազգային համագործակցության շրջանակում փոխվարչապետի գլխավորությամբ և ՄԱԿ-ի ՓՀԳՀ գրասենյակի աջակցությամբ ձևավորվել է փախստականների խնդիրների համակարգման հարթակ՝ զարգացման և հումանիտար գործընկեր կառույցների մասնակցությամբ:
Այնուհետև Տիգրան Խաչատրյանը ներկայացրել է 300 դպրոցի կառուցման հետ կապված 2023-ին իրականացված աշխատանքները: Ըստ փոխվարչապետի, իրականացվել է կառուցման ենթակա դպրոցների և կրթահամալիրների տեղորոշում՝ ըստ բնակավայրերի, Կառավարության որոշմամբ հաստատվել է 300 դպրոցների ցանկը, սահմանվել են գնման առանձնահատկություններ նախատեսող կարգավորումները: Հաշվետու ժամանակահատվածում իրականացվել են նաև կարողությունների ձևավորմանը և ռեսուրսների հնարավորինս համաչափ տեղաբաշխմանն ուղղված միջոցառումներ:
Ներկայացնելով ընթացիկ ցուցանիշները՝ զեկուցվել է, որ 2024 թվականի մայիսի 31-ի դրությամբ շահագործման է հանձնվել 8 դպրոց՝ ընդհանուր թիվը հասցնելով 28-ի, 43 դպրոցում ընթանում են շինարարական աշխատանքներ, որոնցից 24-ը նախատեսվում է շահագործման հանձնել մինչև 2024թ․ ավարտը: 2023թ. դեկտեմբեր ամսին հայտարարվել է 83 նոր մրցույթ, պայմանագիր է կնքվել 23 կազմակերպության հետ, իրականացված ընթացակարգային փոփոխություններից հետո հայտարարվել է ևս 50 նոր մրցույթ․ 43-ի դեպքում կնքվել է պայմանագիր, 7-ի դեպքում հայտերը ներկայացման փուլում են: 2024թ․ ընթացքում նախատեսվում է հայտարարել ևս 21 նոր մրցույթ: Ընդհանուր առմամբ, ավարտվել և իրականացման տարբեր փուլերում են գտնվում 165 դպրոցների ու կրթահամալիրների կառուցման աշխատանքներ։
500 մանկապարտեզների կառուցման ծրագրի հետ կապված զեկուցվել է, որ ընդհանուր առմամբ իրականացման տարբեր փուլերում են գտնվում 430 մանկապարտեզների և նախակրթարանների կառուցման աշխատանքներ։
Անդրադարձ է կատարվել Հյուսիս-հարավ ավտոմայրուղու և Վեդիի ջրամբարի կառուցման ընթացքին: Նշվել է, որ մեկնարկել են Ագարակ-Քաջարան հատվածի շինաշխատանքները, իսկ ջրամբարի կառուցումն ավարտական փուլում է: Արդեն իսկ սկսվել է ջրի ամբարման գործընթացը:
Սուբվենցիոն ծրագրերի մասով փոխվարչապետը ներկայացրել է, որ հաշվետու ժամանակահատվածում հաստատվել է 273 հայտ, ծրագրերի ընդհանուր արժեքը կազմում է 92,7 մլրդ դրամ, ՀՀ պետական բյուջեի համաֆինանսավորումը՝ 49,4 մլրդ դրամ:
Վարչապետին մանրամասներ են ներկայացվել գործարար միջավայրի զարգացման, քաղաքաշինական ներդրումային ծրագրերի, ջրային ոլորտում առկա խնդիրների քարտեզագրման և դրանց հասցեագրման նպատակով միջգերատեսչական աշխատանքային խմբի ձևավորման, պատժամիջոցների ռիսկերի կառավարման վերաբերյալ:
Անդրադարձ է կատարվել Հին Երևան և 33-րդ թաղամասի կառուցապատման ծրագրերին և առկա խնդիրներին, որոնց առնչությամբ վարչապետը տվել է համապատասխան հանձնարարականներ:
Անդրադառնալով հանրային կառավարման բարեփոխումներին՝ նշվել է, որ 2023 թ. օգոստոսի 11-ի ՀՀ կառավարության որոշմամբ փոփոխվել է ՀԿԲ ռազմավարության, ճանապարհային քարտեզի և արդյունքային շրջանակը, հստակեցվել է լիազորությունների շրջանակը, ՀԿԲ ռազմավարության միջոցառումների իրականացման համար փոխվարչապետի գրասենյակում ձևավորվել է փորձագիտական թիմ:
Բարեգործական ծրագրերի մասով Տիգրան Խաչատրյանը ներկայացրել է, որ ստացվել է 842 հայտ, որից հաստատվել է 829-ը, մերժվել՝ 13-ը, փոխվարչապետի որոշումներով բարեգործական որակված ծրագրեր են իրականացրել 127 կազմակերպություն:
Անդրադարձ է կատարվել նաև ճանապարհային անվտանգության ուղղությամբ իրականացված աշխատանքներին: Զեկուցվել է, որ իրականացվել է ճանապարհատրանսպորտային պատահարների տվյալների հաշվառման համակարգի արդիականացում, «Հայաստանի ճանապարհային անվտանգության ազգային ռազմավարության» նախագծի և գործողությունների ծրագրի մշակում, հանրակրթական ուսումնական հաստատություններում ճանապարհային անվտանգության վերաբերյալ կրթական պարտադիր ծրագիր ներդնելու հնարավորություն, ճանապարհների գնահատման միջազգային ծրագրի (iRAP) կիրառման հնարավորություն՝ ճանապարհներն ըստ անվտանգության մակարդակի վարկանիշավորելու նպատակով և այլն:
Վարչապետ Փաշինյանը նշել է, որ ճանապարհային անվտանգության խնդիրները պետք է ամբողջական գույքագրել և առաջարկել համապատասխան լուծումներ: Մասնավորապես, վարչապետն ընդգծել է ճանապարհային նշանների հետ կապված խնդիրները՝ ավելացնելով, որ իրականացված վերլուծությունների համաձայն՝ ճանապարհներին տեղադրված տեսախցիկների համակարգը լիարժեք անվտանգություն չի ապահովում, և աշխարհի բազմաթիվ երկրներ անցել են արագությունը տարածության վրա չափելու համակարգի: «Բայց հիմա մենք մտածում ենք, որ գուցե արժե, որ «Ա» կետից «Բ» կետը հասնելու ճանապարհը չափվի և այլն: Ես ուրիշ խնդիր եմ տեսնում, դրա մասին նաև խոսել եմ, ճանապարհային նշանների այն աստիճանի առատություն կա որոշ հատվածներում, որ ակնհայտորեն վարորդին շփոթության մեջ է դնում»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: