Արբանյակը փամփուշտի արձակումը չի կարող արձանագրել. ԲՏԱ նախարար
Արբանյակը փամփուշտի արձակումը չի կարող արձանագրել: Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը՝ արձագանքելով այն հարցին, թե ինչու հայկական արբանյակի տեղեկությունները չեն ներկայացվում՝ ապացուցելու համար, որ հայկական կողմից Ադրբեջանի հետ սահմանին կրակոցներ չեն լինում:
«Մասնագիտական առումով համարում եմ անհնարին, այսինքն՝ փամփուշտի պատճառած վնասը արբանյակային հեռավար կառավարմամբ դիտարկման տեսալուսանկարահանող արբանյակների կողմից չի կարող արձանագրվել»,- ասաց նա:
Նախարարը նշեց, որ շարժումը կարող է արձանագրվել, բայց նա այդ մասին տեղեկություն չունի:
Մխիթար Հայրապետյանը նաև նշեց, որ Հայաստանն այդ հարցում ապացուցելու ոչինչ չունի: «Եթե դու որևէ բան չես արել, դու ի՞նչ պետք է ապացուցես որևէ մեկին: Այս իմաստով մենք սպասում ենք Ադրբեջանի կողմից համապատասխան ապացույցներ: Եթե այդպիսիք առկա կլինեն, բնականաբար, համապատասխանաբար գործողություններ կիրականացվեն մեր կողմից»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի ՊՆ-ն արդեն 6-րդ օրն է՝ ինչ ապատեղեկություն է տարածում ՀՀ-ի կողմից իբր կրակոցների մասին: